01/27/2025

Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը Կառավարությունն արտոնություն տվեց

Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը Կառավարությունն արտոնություն տվեց

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱե ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ:

Վարչապետ Փաշինյանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյոք այսպիսի որոշումներ կայացնելիս սուբյեկտիվիզմի մասին կարող է խոսք լինել եւ արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստում է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար:

Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացի հետ կապված եւ նշել՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում: Նախարարը հույս է հայտնել նաեւ, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի որ ոլորտը, ըստ նրա, չափազանց կարեւոր է:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հետ կապված վերահսկողություն է սկսել այս ուղղությամբ: «Նախնական արդյունքներով՝ ունեցել ենք ոչ քիչ թվով այսպիսի արտոնություններից օգտված ընկերություններ, որոնք սահմանված ժամկետը լրանալու պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ սնանկ են ճանաչվել: Ի հայտ է եկել չարաշահումների խնդիր եւ այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկա դրությամբ մոտ 8 ընկերության մասին այդպիսի տեղեկություններ կան»,- ասել է գլխավոր դատախազը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Սյս առումով, կարծում եմ՝ մոնիթորինգային, վերահսկողական ծառայությունները, իհարկե նաև գլխավոր դատախազությունը պետք է այս հարցերը պահեն ուշադրության կենտրոնում»:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: