08/04/2020

Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահին հորդորել է ուշադրության տակ պահել վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին

Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահին հորդորել է ուշադրության տակ պահել վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:

Վարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ եւ հավելել, որ դա կնպաստի նաեւ սակագնային արդյունավետ քաղաքականությանը:

Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը։

Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի եւ հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որպեսզի ընկերությունը հետեւողական լինի բոլոր նման դեպքերում եւ բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով եւ խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի եւ իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: