01/13/2025

Վարդան Գեւորգյան. «Սեւ լճի հետ կապված խնդիրներ չեն եղել ու չեն կարող լինել, իսկ շրջանառվող խոսակցությունները ոչ միայն անհեթեթ են ու անլուրջ, այլեւ ծիծաղելի»

Վարդան Գեւորգյան. «Սեւ լճի հետ կապված խնդիրներ չեն եղել ու չեն կարող լինել, իսկ շրջանառվող խոսակցությունները ոչ միայն անհեթեթ են ու անլուրջ, այլեւ ծիծաղելի»

Վերջին օրերին հատկապես Գորիսում ինչ-որ մարդկանց կողմից սիրողական մակարդակի խոսակցություններ են տարածվում Մեծ Իշխանասարի արեւելյան ստորոտում, Վերիշեն գյուղից հյուսիս ընկած լեռների գոգավորության մեջ գտնվող Սեւ լճի մասին, ավելի ճիշտ՝ «լճի ազատագրման» մասին:

Ի սկզբանե անլուրջ այդ խոսակցությանը փորձեցինք ուշադրություն չդարձնել՝ համարելով ինքնասիրահարված կամ անտեղյակ մարդկանց պարապ վախտի զրույց եւ նույնիսկ կավե ոտքերով հերթական ֆետիշը սարքելուն միտված գավառական խաղ-հնարք:

Բայց քանի որ խաղ-հնարքը շարունակում է թեւածել մեզ անում, ստիպված եղանք հանդիպել ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանի հետ՝ վերստին ճշտելու Սեւ լճի կարգավիճակը եւ տարածված խոսակցությունների իսկությունը:

Վարդան Գեւորգյանը «Սյունյաց երկրի» լրագրողին ասաց. «Սեւ լճի հետ կապված խնդիրներ չեն եղել ու չեն կարող լինել, իսկ շրջանառվող խոսակցությունները ոչ միայն անհեթեթ են ու անլուրջ, այլեւ ծիծաղելի:

Սեւ լճին 2002 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ տրվել է պետական կարգավիճակ՝վերցնելով այն պետական հսկողության ներքո: Իսկ 2013թ. կառավարության որոշմամբ Սյունիքում ստեղծվել է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը. դրանում միավորվել են պահպանության տարբեր ռեժիմներ ունեցող «հատուկ պահպանվող տարածքները, այդ թվում՝ «Սեւ լիճ» արգելավայրը,  որտեղ ունենք պատասխանատու՝ իրավիճակը վերահսկող տեսուչ»:

Վարդան Գեւորգյանի հավաստմամբ՝ Սեւ լճին առնչվող անհեթեթ խոսակցությունների ֆեյսբուքյան հեղինակներին բազմիցս ուղարկվել են ՀՀ կառավարության որոշումները, բայց նրանք հրաժարվել են դրանք հրապարակել: Տպավորություն կա, որ խոսակցության հեղինակներին ոչ թե լճի վիճակի հանդեպ հետաքրքրությունն է առաջնորդում, այլ ինչ-որ շոու սարքելու մոլուցքը:

Ի դեպ, Սեւ լճի արեւելյան կեսն Արցախի հանրապետության տարածք է, եւ ինչ-որ մեկի կողմից այն սեփականացնելու ու ինչ-որ փահլեւանի կողմից ազատագրելու մասին զրույցները հեքիաթի ժանրից են:

Անշուշտ, ցանկացողները միշտ էլ կարող են գնալ այնտեղ եւ վայելել լճի բնական գեղեցկությունը, որեւէ արգելք չի եղել ու չի կարող լինել: Բայց եթե լճափին խորոված անող յուրաքանչյուր ոք իրեն հռչակի «Սեւ լճի ազատագրող»,ապա դա ընդամենը կնշանակի, որ այնտեղ օգտագործված խմիչքն այնքան էլ որակյալ չի եղել…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: