08/03/2020

Քաջարանը պատրաստվում է մեծ ճակատամարտի

Քաջարանը պատրաստվում է մեծ ճակատամարտի

Նախկինում քանիցս մեկմեկու թեթեւակի «չափալախած» եւ իրար քաշքշած Մհեր Պոլոսկովն ու Վահե Հակոբյանը հայտնվել են միմյանց դեմ ճակատամարտ տալու անխուսափելի հեռանկարի առջեւ. ընդ որում՝ խոսքը Սյունիքի շենացման, երկրի զարգացման մասին չէ ամենեւին, այլ այն մասին, թե նրանցից ո՞վ ավելի մեծ լծակներ կունենա մեր երկրամասի ընդերքը հետայսու եւս թալանելու գործում:

Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացված Վահեն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անում է հնարավոր ամեն ինչ՝ երբեմնի գործընկեր Մհեր Պոլոսկովի ոտքի տակը փորելու, նրան պաշտոնանկ անելու եւ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու համար:

Ձեռքը ծոցում չի պահում նաեւ Մհեր Պոլոսկովը, նա էլ իր քայլերն է անում: Մի քանի օր առաջ տնօրենն աննախադեպ առատաձեռնություն է ցուցաբերել՝ մոտ հարյուր հոգու իր անձնական շահույթից (ոչ թե իր ամսական 20մլն դրամ աշխատավարձից) պարգեւավճար տալով: Խոստացել է նաեւ՝ օգնել այն հանքագործներին, ովքեր կկամենան բնակարան ձեռք բերել համեմատաբար գրավիչ վարկերով:

Մհերի թիմը նաեւ մարդկանց հետ մեկ այլ բնույթի նախապատրաստական աշխատանքներ է տանում. պետք է պատրաստ լինել փառաբանական խոսքեր ասելու տնօրենի մասին, երբ դրսից լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կգան:

Իսկ Վահեն… Նա հասցրել է անցած ժամանակաշրջանում բավականին հետաքրքիր ու արատավորող տեղեկատվություն կուտակել Մհեր Պոլոսկովի գործունեության մասին եւ, հարկ եղած դեպքում, դրանք կդնի ոչ միայն լրագրողների սեղանին:

Այսպիսով՝ Քաջարանը պատրաստվում է մեծ ճակատամարտի, բայց… Մհերի եւ Վահեի երազանքները հoդս կցնդեն, եթե իրականություն դառնան Նիկոլ Փաշինյանի խոստացած ստուգումները հանրապետության մետաղական հանքավայրերում:

Մհերն ու Վահեն՝ իրենց երազներով, հօդս կցնդեն նաեւ այն դեպքում, եթե գործող իշխանությունը հանկարծ փորձի գտնել հայ հանրությանը հետաքրքրող պարզագույն մի հարցի պատասխան՝ ովքե՞ր էին հանրապետության լեռնահանքային արդյունաբերության հսկայի սեփականատերերը 2004-ին եւ ովքե՞ր են հիմա:

Ի դեպ, Քաջարանի մեր աղբյուրները պնդում են, թե կոմբինատի բաժնեմասերը նախկին տերերից զավթելու ընթացքում որոշակի փայ է հասել նաեւ Վահե Հակոբյանին ու Մհեր Պոլոսկովին: Ընդ որում՝ վերոգրյալ պարգեւատրությունը Մհերը կատարել է հենց այդ բաժնեմասից ստացած շահույթի հաշվին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: