01/27/2025

«Ժառանգություն»-ն առաջարկում է Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

«Ժառանգություն»-ն առաջարկում է Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

««Ժառանգություն» կուսակցությունը, ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը և երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.

Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաև հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը և լույս սփռելու նրա մութ էջերի վրա:

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց և կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով:

Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել և կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաև ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: