01/27/2025

Խաչիկ Ասրյանի «արծիվների կուսակցությունը» անցկացրեց հիմնադիր համագումարը

Խաչիկ Ասրյանի «արծիվների կուսակցությունը» անցկացրեց հիմնադիր համագումարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 23-ին «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցության անդրանիկ համագումարում հիմնադիր Խաչիկ Ասրյանն ընդգծեց, որ 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունն ամուր հիմքի վրա ստեղծել է նոր կուսակցություն, որը հավատարիմ է մնալու «Հայոց արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը:

«Մենք շարունակելու ենք «Հայոց արծիվների» գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասաց Ասրյանը:

Նրա խոսքով` կուսակցության նպատակն է լինելու նպաստել Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացմանն, ամրապնդմանն ու զարգացմանը, հայոց ազգային անկախ պետականության հզորացմանը, աջակցելու Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը:

Խաչիկ Ասրյանը նշեց, որ կուսակցությունը ձգտելու է ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում ապահովել իր ներկայացվածությունն Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ կոռուպցիան և բանսարկությունը չեզոքացնելու նպատակով:

Խաչիկ Ասրյանը 2007 թվականի հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2018 թվականի մայիսի 18-ին իր դիմումի համաձայն ազատվել պաշտոնից: Խաչիկ Ասրյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, որտեղից դուրս է եկել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: