01/29/2025

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարեւորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ  ստենտավորման  ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40  ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչեւ  վիրահատական գործիքներ եւ դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ եւ այլն ),  45 %-ը ձեւավորվում է վարչական վերադիր եւ այլ ծախսերի հաշվին ( բժշկի եւ բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ  վճարումներ եւ այլն ):

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում  ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետեւապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝  իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Տեղեկացնենք նաեւ, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում  մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Հարկ ենք համարում նաեւ ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում եւս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում:

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաեւ Առողջապահության նախարարությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: