01/30/2025

Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն  եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաեւ նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:

«Սիրիացի փախստականներին Հայաստանում ինտեգրելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո: Մեր առաջին թիրախը սիրիահայերի կարողությունների զարգացումն է, իսկ երկրորդը՝ օգնել սիրիահայ փախստականներին՝ գտնելու ավելի դյուրին ճանապարհ ապրելու համար: Եվ մենք կսուբսիդավորենք նրանց՝ հաստատվելու այստեղ, քանի որ տեսնում ենք, որ շատ սիրիացի փախստականներ բնակարանային խնդիրներ ունեն»,-ասաց Հոա-Բին Աճեմյանը:

Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաեւ սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների  առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում սիրիահայերին գտնելու եւ հավաքագրելու են Կարմիր Խաչի հնարավորությունների շնորհիվ: Այն Հայաստանում համագործակցում է տարբեր կազմակերպությունների՝ ներառյալ սիրիահայերի կազմակերպությունների հետ:

Ծրագրի ստորագրումը կլինի հունիսի վերջին կամ հուլիսի կեսին: Այն կսկսի գործել սեպտեմբերից: Արդեն հոկտեմբերից սիրահայերին աջակցություն կտրմադրվի:

Սիրիայում 2011թ. մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր: Սիրիահայերը, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը, շատերը եկել են Հայաստան: Սիրիական պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի:

Աննա Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: