01/30/2025

Վարչապետը կունենա մեկ նստավայր, Բաղրամյան 26-ը հետագայում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին

Վարչապետը կունենա մեկ նստավայր, Բաղրամյան 26-ը հետագայում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, եւ Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանելու որոշման նախագծին, որով  Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 եւ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները սահմանվում են վարչապետի տեղակայման վայրեր:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումն այս պահին ընդամենը տեխնիկական լուծում է: «Տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում ունի տեղակայման վայր: Մենք ամենեւին չենք մոռացել ինչն ենք քննադատել, որովհետև քննադատություն է հնչում, որ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել՝ հայտնվելով կառավարությունում: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, հարցերին պետք է ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս պահին որոշակի արարողակարգային պարտականություններ կան, արարողակարգային խնդիրները, ինչպես նաեւ աշխատակազմի որոշ մարմինների տեղակայման հարցը լուծելուց հետո կընդունենք համապատասխան որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ փաստացի արդեն երկար ժամանակ աշխատում է կառավարության շենքում, ինչը, ըստ նրա, նաեւ հարմար է: «Հետագայում սա նաեւ կառավարության որոշումներով կարձանագրենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, եւ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին՝ իմ նշած հարցերը լուծելուց հետո: Այս պահին որոշումը տեխնիկական լուծում է ընդամենը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: