01/31/2025

ՀՀ դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է, որն ի կատար ածելու համար  դատախազության դերը շատ կարևոր է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը իր շնորհավորական խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես պետական մյուս մարմինների համար, այնպես էլ դատախազության համար նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է տալիս դատախազությանը:

«Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է, որ նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի: Անմեղները պետք է ընդհանարապես որևէ հետապնդման չենթարկվեն, դատավարության բոլոր  կողմերի  իրավունքները պետք է պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության  պահանջն է, և դա ի կատար ածելու համար դատախազության  դերը շատ կարևոր է:«Դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:Դրա համար, ըստ Փաշինյանի, Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի  օրինականության ապահովումը:

«Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է  օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց դատախազության աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում, երբ նույնպես պետք է կապ չունենա, թե ով է այդ հանցագործությունը գործել:

ՀՀ վարչապետը դատախազության կարևոր գործառույթ համարեց նաև պետական շահերի պաշտպանությունը, և նա ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը  սկզբունքային դիրքորոշում կունենա և սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշպանության ոլորտում:

Նիկոլ Փաշինյանը ելույթում նշեց նաև, որ դատախազությունը իր 100-ամյա գործունեության ընթացքում ունեցել է շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականներից, շարունակած Խորհրդային տարիների Հայաստանի  անկախության համար պայքարողների նկատմամբ  հետապնդումներով, վերջացած Հայաստանի անկախությունից հետո վիճահարույց դրվագներով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: