01/13/2025

Լրացնել Անդրանիկի մասին սպիտակ էջերը

Լրացնել Անդրանիկի մասին սպիտակ էջերը

Լրագրող- հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը տարիներ ի վեր զբաղվել է Անդրանիկ զորավարի կյանքի ու գործի սակավ ուսումնասիրված էջերի լուսաբանմամբ: Նրա ժողոված նյութերը վերածվել են նաեւ գրքերի: «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը, օրինակ, նվիրված է զորավար Անդրանիկի վերջին զորքի պատմությանը, որ 1918 թվականին կազմավորվել էր ռուս սպաների հրամանատարությամբ Սիբիրից ժամանած արեւմտահայ ռազմագերիների երթային վաշտի հիմքի վրա եւ իր ավանդն է բերել Հայաստանի Հանրապետության կայացման գործին: Հեղինակի հետ հանդիպում կայացավ Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում: Մեր պատմագրության մեջ չասված կամ թերասված շատ էջեր կան, արխիվներում կան բազմաթիվ էջեր, որոնց դեռեւս մատ չի դիպել, դրանք պետք է ասպարեզ բերվեն, այս համոզմունք ունի Ռուբեն Սիմոնյանը:

-Վերջին տասնամյակներում մի տեսակ մոռացության է մատնված ազգային մեր ամենամեծ գործիչը՝ Անդրանիկը. ձգտել եմ փոքրիշատե լրացնել այդ բացը, երեք գրքեր եմ գրել Անդրանիկի մասին. առաջինը՝ «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականը», երկրորդը՝ «Անդրանիկյան մասունքներ» եւ երրորդը՝ «Андраник. Одиссея сибирской роты», որ հայկական գրքի տարբերակն է՝ սակայն էապես փոխված եւ լրամշակված, քանի որ հասցեագրված է Ռուսաստանում ապրող հայությանը եւ ռուս ընթերցողին ընդհանրապես, ինչը դրական ընդունելության է արժանացել: Ինձ համար ուշագրավն այն էր, 1918 թվականի թուրքական արշավանքի դաժան պայմաններում, երբ Սյունիքը Բաթումի պայմանագրով կցված էր Ադրբեջանին, Անդրանիկն իր զինվորների սրի ծայրով վերախմբագրում էր այդ պայմանագիրը: Բաթումի պայմանագրի 5-րդ կետով սահմանված էր, որ պետք է Անդրանիկը զինաթափվեր: Նրա զորքը ցրվեր եւ ինքը ռազմադաշտի դատարանի պիտի ենթարկվեր: Այս պայմաններում Անդրանիկը չի ենթարկվում եւ շարունակում է հայրենասիրական իր ծրագիրը:

Նաեւ ուշագրավ է, որ Սյունիքի պատկանելության համար սկսված պայքարը արժանապատվորեն շարունակեց բալկանյան պատերազմի ժամանակներից Անդրանիկի զինակից եղբայր Գարեգին Նժդեհը:

Ռուբեն Սիմոնյանն ուշագրավ շատ դրվագներ ներկայացրեց Անդրանիկի սյունիքյան արշավանքից: Վերջում հեղինակը տեղեկացրեց, որ տպագրության է պատրաստել եւս մի գիրք՝ «Օտարներն Անդրանիկի մասին»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: