01/31/2025

Ռուսական վոյաժներ՝ Ադրբեջանում. ի՞նչ է ակնարկում Մոսկվան

Ռուսական վոյաժներ՝ Ադրբեջանում. ի՞նչ է ակնարկում Մոսկվան

Երեկ Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում տեղի է ունեցել «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Կրեմլի կողմից հովանավորվող «Իզբորյան» ակումբի և Միջազգային Եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ հանրաճանաչ հայատյաց գործիչներ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք:

Արդեն խորհրդաժողովի անունը հակահայկական բնույթ ունի, որովհետև ֆորմալ առումով Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է:Ակնհայտ կեղծիք է նաև այն, թե իբր Չոջուխ Մարջանլին ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ. այս գյուղը Բաքվի կողմից վերահսկվում է դեռ առաջին պատերազմից հետո:

«Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» խորհրդաժողովի ռուս մասնակիցները երեկ այցելել են ադրբեջանական բանակի դիրքեր և հաջող ծառայություն մաղթել զինծառայողներին:

Բնականաբար, սրանք Բաքվի ռազմատենչ քաղաքականությանն աջակցող ակնհայտ հրապարակային ժեստեր են, և բնական հարց է ծագում, թե այս ամենին ինչ չափով է մասնակից պաշտոնական Մոսկվան:

Ֆորմալ առումով գործադիր իշխանությունը պատասխանատվություն չի կրում առանձին պատգամավորների վարքագծի համար: Սակայն քաղաքագիտական այս աքսիոմը ճիշտ է արևմտյան դեմոկրատիաների պարագայում, երբ քաղաքական բազմակարծությունը կամ բազմազանությունը խրախուսվում է պետական մակարդակով: Տրամագծորեն հակառակ պատկերն է Ռուսաստանում, որտեղ անգամ փորձագիտական միտքն ու լրատվամիջոցները Կրեմլի տոտալ վերահսկողության տակ են: Պետք չէ պատրանքներ ունենալ, ու անհրաժեշտ է փաստել, որ Ռուսաստանի իշխանություններն առնվազն տեղյակ են եղել բավականին հայտնի մարդկանց ադրբեջանական վոյաժի մասին, էլ չենք ասում այն մասին, որ Դուգինն ու մյուսները գուցե Մոսկվայի էմիսարի կարգավիճակ ունեն:

Դժվար է նաև միանշանակ պնդել, թե Մոսկվան նման քայլերով ուղղակիորեն նպաստում է նոր պատերազմի սանձազերծմանը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վերանայել իրենց քաղաքականությունը և Հայաստանի հետ շարունակում են խոսել հարկադրանքի և շանտաժի լեզվով՝ ռուս -ադրբեջանական քաղաքականությունը շատ հաճախ կառուցելով հայկական շահերի հաշվին:

Իհարկե, տեղին չի լինի, որ Հայաստանի իշխանությունը մեծ աղմուկ բարձրացնի այս ինքնակոչ խորհրդաժողովի առնչությամբ, սակայն հետևություններ անել անհրաժեշտ է: Ավելի շուտ՝ պետք է ռեալ քաղաքականություն դարձնել այն, ինչը բխում է թավշյա հեղափոխության տրամաբանությունից:

Գլոբալ առումով երեսուն տարվա մեջ երկու մասշտաբային հեղափոխություն իրականացրած ժողովուրդը, առաջին հերթին, պետք է կարողանա կոտրել կարծրատիպեր, որոնք որևէ առնչություն չունեն իրական քաղաքականության հետ և մեզ մի քանի անգամ կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առաջ: Ռուսաստանը դասական կայսրություն է, որն օբյեկտիվորեն չի կարող հավատարմության երդում տալ ո՛չ Հայաստանին և ոչ էլ Ադրբեջանին:

Հայաստանի պրոբլեմներն անխուսափելիորեն կշատանան, եթե մեր բոլոր ճանապարհները շարունակեն տանել միայն Մոսկվա՝ արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի իրական դիվերսիֆիկացման փոխարեն: Համենայնդեպս, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռ դժվարությամբ է ադապտացվում նոր իրողություններին:

Սակայն կան խնդիրներ, որոնք օպերատիվ արձագանքման անհրաժեշտություն ունեն. օրինակ՝ Միջազգային Եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսեյ Դուգինը երեկվա իրենց նախաձեռնությունը համարում է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև պայմանավորվածությունների հետևանք, և թերևս տեղին կլինի, որ Հայաստանի պատկան մարմինները պարզաբանումներ պահանջեն Մոսկվայից: Կամ՝ Armiya.az ադրբեջանական պորտալը ներկայացնում է երեկվա խորհրդաժողովում Դուգինի ելույթը, որտեղ խոսվում է Երևանի, Բաքվի և Մոսկվայի կողմից համաձայնեցված ինչ-որ «ճանապարհային քարտեզի» մասին, որը նախատեսում է ԼՂՀ հարակից հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին: Ըստ Դուգինի` Սերժ Սարգսյանը խոստացել էր պայմանավորվածություններն ի կատար ածել վարչապետ ընտրվելուց հետո:

Արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունների օրոք եղել են նման պայմանավորվածություններ, և ինչքանո՞վ են դրանք ակտուալ այսօր: Սրանք սկզբունքային հարցեր են, որոնց պատասխանները թույլ կտան հստակ պատասխաններ տալ առաջնագծում նկատվող լարվածության պատճառներին, Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող խնդիրներին:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: