02/02/2025

Մարզպետը խոստանում է արմատապես բարելավել Գորիսի պետական համալսարանի բարոյահոգեբանական մտահոգիչ մթնոլորտը

Մարզպետը խոստանում է արմատապես բարելավել Գորիսի պետական համալսարանի բարոյահոգեբանական մտահոգիչ մթնոլորտը

 Գորիսի պետական համալսարանում վաղուց խմորումներ են: Այս կրթօջախում խաթարվել է  բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ երկու «բանակ»  կա: Մեկը գործող ռեկտոր Արտուշ Ղուկասյանի «բանակն» է, մյուսն՝ ընդդիմադիրների, որոնք պահանջում են նաեւ ռեկտորի հրաժարականը:

Բնականաբար, այդ ամենը չէր կարող չմտահոգել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին:  Նա հուլիսի 2-ին եղավ համալսարանում, լսեց  կողմերին: Ինչպես ասում են,   կողմերն էլ մարտականորեն էին տրամադրված, եւ ոչ մեկը չէր զիջում մյուսին, չէր ուզում «պարտվողի» կարգավիճակում հայտնվել, եթե, իհարկե, ճշմարտության հաղթանակը նրանցից որեւէ մեկի համար պարտվել է նշանակում:

Դրա համար էլ  կողմերն իրար ինչեր ասես՝ չասացին՝ էլ գող փիսո ու քաչալ շուն, էլ… Բանը, ինչպես տեսանք, հասել էր դիվանբաշուն: Երկու կողմն էլ ձայների բարձրության համար մարաթոնի էին դուրս եկել, բառապաշարի հարցում կողմերն էլ խնդիր չունեին: Իսկ կրքերը հանդարտվելու  նշույլներ անգամ ցույց չէին տալիս: Դրա համար էլ մարզպետին անհրաժեշտ եղավ կողմերին լսելուց զատ օգտագործել նաեւ  իրեն  ընձեռված լիազորություններն ու նրանց սիրո եւ համերաշխության, հանդուրժողականության դաշտ փոխադրվելու կոչով դիմել:

-Ես եկել եմ այստեղ փոխելու համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, լուծելու խնդիրները: Դրա համար էլ այս հանդիպումը կիսատ եմ համարում այն առումով, որ պետք է հանդիպեմ-լսեմ նաեւ բոլոր դասախոսներին՝ մեկ առ մեկ, ուսանողներին, գորիսեցիներին, որպեսզի առանց սխալվելու ճիշտ որոշում կայացնենք: Ու չի լինելու որեւէ մեկի սուբյեկտիվ միջամտությունը: Ես ձեզ խոստանում եմ՝ կիսատ հանդիպումը մոտ ժամանակներս  շարունակել. սա այն խնդիրը չէ, որի լուծումը կարելի է փոքր- ինչ նույնիսկ ուշացնել: Ես ձեզ խոստանում եմ՝ նոր ուսումնական տարին Գորիսի պետական համալսարանում սկսվելու է  բարձր մակարդակով, լուծված խնդիրներով, բարոյահոգեբանական   հաճելի մթնոլորտում: 

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: