08/11/2020

ՀՀԿ-ն՝ տապալված պրոյեկտ. Կարապետյանները կուսակցություն կստեղծեն

ՀՀԿ-ն՝ տապալված պրոյեկտ. Կարապետյանները կուսակցություն կստեղծեն

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միասին ոտքի հանել կուսակցությունը, բայց մյուս կողմից՝ Կարապետյանը տեսնում է, որ այդ կուսակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքական պրոյեկտ դառնում անհեռանկար:

Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ: Ռուսաստանի իշխանությունները ունեն երկու ծրագիր`մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել: Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի:

Բայց եթե նախկին վարչապետը իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը: Որովհետև այսօր ՀՀԿ-ն է ակնկալում, որ կարող է Ռուսաստանի աջակցությամբ կրկին իշխանության գալ:

ՀՀԿ-ականները պնդում են, որ իրենց նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ այդպիսի բարձր տրամադրություն չի ունեցել, որքան այս օրերին: Նրանք դա բացատրում են այն իրողությամբ, որ հասարակությունը կամաց-կամաց դուրս է գալիս հեղափոխական էյֆորիայից և սկսում է ավելի սթափ գնահատել տեղի ունեցածը և դրա ազդեցությունը իր իրական կյանքի վրա: Իսկ այդ ազդեցությունը, մեղմ ասած, այնքան  էլ տեսանելի չէ: Գուցե ՀՀԿ նախագահը փորձում է իր բարձր տրամադրության ցուցադրությամբ թույլ չտալ իր ղեկավարած կուսակցության վերջնական փլուզումը: Բայց այդ պրոցեսը անհնար է կասեցնել:

Մյուս կողմից՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հայտարարում էր, թե ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ավելի շուտ մենեջեր է, շատ լավ հասկանում է, որ չկա ավելի եկամտաբեր բիզնես, քան պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելը, և չկա մի բիզնես, որը ղեկավարելով կարելի է ավելի մեծ և երաշխավորված եկամուտ ստանալ, քան պետություն կոչվող կազմակերպությունը:

«Տաշիր խմբի» ղեկավար Սամվել Կարապետյանն էլ Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ուներ և կարող էր Հայաստանի պետական սեփականության հաշվին իր միլիարդներն ավելացնել: Իսկ դրա համար պետք է Հայաստանում իշխանություն վերցնել:

Չմոռանանք ռուսական գործոնը: Ռուսաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանին թույլ են տվել միլիարդատեր դառնալ, որովհետև նա հանձնառու է եղել Հայաստանում ռուսական ազդեցության անխախտության համար: Կարեն Կարապետյանը երկար տարիներ եղել է ռուսական «Գազպրոմի» հայաստանյան ներկայացուցիչը և հսկայական կարողություն է կուտակել ռուսների գիտությամբ և թողտվությամբ: Ռուսները հիմա չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ՝ ներելու Կարապետյանների հայաստանյան ձախողումը, և թույլ տան, որ նրանք շարունակեն Ռուսաստանի հաշվին նոր միլիոններ ու միլիարդներ կուտակել, առանց իրենց քաղաքական պարտավորությունների կատարման:

Կարապետյանները վաղուց հայտարարծ կլինեին նոր կուսակցության ստեղծման մասին, եթե չլիներ Սերժ Սարգսյանի գործոնը: Ինչպես նշեցինք, նոր կուսակցության ստեղծման դեպքում ՀՀԿ-ի ոչնչացումը դառնում է ոչ թե ամիսների, այլ ժամերի հարց, որովհետև այս կուսակցությունը ևս հենվելու է նախկին պաշտոնյաների վրա: Արդեն շրջանառվում են մի քանի անուններ` Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի և ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի, ովքեր չեն ուզում խոսել այս մասին: Տեղեկություններ կան, որ այս հարցով հանդիպում և քննարկում է եղել Երևանի դեռևս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:  Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնի չէ:

ՀՀԿ-ի պահպանման կողմնակիցները փորձում են ցույց տալ, որ դժվարին օրերը մնացել են հետևում, և հիմա եկել է ժամանակը, որ պետք է աշխատել կորցրածը հետ բերելու ուղղությամբ, և դրա համար պետք է հնարավորինս միասնական լինել: Եթե միասնականության ապահովումը անհնարին դարձավ, ապա նոր կուսակցություն ստեղծելու կողմնակիցների ձեռքերը ազատ կլինեն:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: