08/11/2020

«Փայ մտնել» այլևս չի լինելու․ մի քանի ոլորտներ պետք է ազգայնացվեն

«Նախկին իշխանությունների օրոք սեփականության վերաբաշխում կար «փայ մտնելով» կամ չմտնելով, բայց դրա փոխարեն եկամուտը տանելով և դա իրականանում էր մի քանի պատճառներով․ նախկին ժամանակներում քաղաքական կուսակցությունները, որոնք մեծ ծախսեր ունեին անելու ընտրությունների ժամանակ և հաճախ, երբ վստահ չէին, որ կարող են ընտրություններում առանց կաշառքի հաղթել, ապա խոշոր բիզնեսին ներգրավում էին ընտրությունների մեջ և այդ ներգրավման արդյունքում խոշոր բիզնեսի հետ մտնում էին պայմանավորվածությունների մեջ, թե ինչ են նրանք դրա դիմաց ստանալու կամ գործադրում էին պետական լծակները՝ այդ բիզնեսները հետագայում իրենցով անելու համար և այդ ձևով պաշտոնյաները սերտաճեցին մասնավոր բիզնեսի հետ․ սա հիմնական մոդելներից մեկն է եղել Հայաստանում, որը գեներացրեց շատ հզոր ստվերային տնտեսություն և այդ ստվերային տնտեսության մեջ մեծ թվով ավելացավ փայատիրությունը, մոնոպոլիաները և այլն։

Հիմա, եթե ներկայիս կառավարությունը, ներկայիս վարչապետը՝ իր թիմով շատ ազնվորեն հայտարարում է, որ իրենք մտադիր են իրականացնել ժողովրդական, թափանցիկ և արդար ընտրություններ, ապա իրենք կարիք չեն ունենալու, որ ինչ-որ մեծահարուստներ իրենց սպասարկեն, իրենց համար փող տրամադրեն կամ իրենց համար ինչ-որ ծառայություններ մատուցեն, հետևաբար ես ենթադրում եմ, որ սեփականության վերաբաշխման ինստիտուտը պետք է վերանա, որովհետև նման մտադրություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության հնարավոր վերաբաշխումների մասին։

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ այդ ամենից հետո վերաբաշխման մի մոդել միայն կարող է մնալ և դա ազգայնացման մոդելն է։ Ըստ նրա՝ մի քանի ոլորտներ պետք է ազգայնացվեն և սա հատկապես պետք է վերաբերի հանքարդյունաբերության ոլորտին, քանի որ հենց այս ոլորտում կան բավականին շատ խախտումներ ու թաքնված արտահանումներ։

«Հայաստանի օլիգարխների ու մոնոպոլիաների 99 %-ը տեղակայված են հենց Հայաստանի տարածքում, այսինքն՝ նրանց համար այստեղից լավ «ջերմոցային պայմաններ» ուրիշ ոչ մի տեղ չկա, հետևաբար այս առումով՝ կարծում եմ, որ Հայաստանից կապիտալի արտահոսք տեղի չի ունենա, բայց, իհարկե, թաքնված կամ գողացած փողերը կփորձեն դուրս տանել, բայց անշարժ գույքը և այլ կապիտալը դժվար կլինի տանել»,-հավելեց Մակարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: