01/31/2025

Իրանը փորձում է Նախիջևանի տարածքը բացել Հայաստանի համար

Իրանը փորձում է Նախիջևանի տարածքը բացել Հայաստանի համար

Հայ-ադրբեջնական սահմանի նախիջևանյան հատվածում նախօրեին ստեղծվել էր լարված իրավիճակ: Նախիջևանը պատահական տարածք չէ ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Իրանի: Շատ վերլուծաբանների մոտ կասկածներ կան, որ այդ ճակատը կարող է նոր հակամարտության պատուհան բացել Հայաստանի համար, և Թուրքիան ուղղակիորեն կարող է ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթաց:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց. «Նախիջևանի տարածքը Իրանի համար կենսական տարածք է: Ես կարծում եմ, որ մեզանում էլ որոշակի մակարդակներում պետք է հստակորեն արձանագրենք, որ, այո՛, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Հայաստանի համար էլ՝ մեր շահերի և մեր անվտանգության տեսանկյունից, կենսական տարածք է:

Հետևաբար այդ տարածքի ռազմականացումը մեր պետության համար վտանգ է ներկայացնում, ուղղակիորեն վտանգում է մեր կենսական շահերը: Այս ընդգծումը պետք է արվի մեր արտաքին քաղաքական օրակարգի որևէ մակարդակում, որպեսզի մենք, հասկացնենք, թե ինչպիսի դիրքորոշում ունենք այդ տարածքում կատարվող, ըստ էության, արկածախնդրային քաղաքակնության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իրանական ներկայությանը Նախիջևանի ներսում, ապա ես այն կբնորոշեի անտեսանելի, անսահմանափակ, որքան էլ պարադոքսալ թվա:

Եթե թեկուզ մենք մի պահ պատկերացնենք, որ Իրանը փակում է «մայրցամաքային» Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, ապա, ըստ էության, այդ կապը կտրվում է: Այլ ճանապարհ կա՝ Վրաստան-Թուրքիա-Նախիջևան ճանապարհը, բայց այն ոչ մի առումով համեմատելի չէ իրանական կարճ ուղու հետ:

Եթե մի պահ Իրանը դադարեցնի Նախիջևանի գազի մատակարարումը, այդ պարագայում, Ի. Ալիևի քարոզչական փուչիկի կարևորագույն բաղադրիչը, ըստ որի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը գրեթե 100 տոկոսով գազաֆիկացված է, դառնում է զրո:

Եթե իրանցիները արգելեն իրենց զբոսաշրջիկներին մուտք գործել Նախիջևան, ապա Նախիջևանի զբոսաշրջային ինդուստրիան, որի մեջ զգալի ներդրումներ են արվել, կանգնում է: Այսինքն՝ ունեն հզոր լծակներ՝ կիրառելու այս տարածքի հանդեպ: Ես նշեցի միայն տնտեսական լծակները:

Իրանցիները փորձում են Նախիջևանի տարածքը բացել Հայաստանի համար, իրանցիներն այդ մասին բանակցել են նախիջևանյան կողմի հետ, որպեսզի թույլատրվի գոնե իրանական բեռնատարներին այդ ճանապարհով Հայաստան հասնել, ստացել են մերժում:

Մենք պետք է մասնակցենք Նախիջևանի համար մղվող մրցակցությանը, դա շատ դեպքերում կարող ենք անել փափուկ ուժի բազմաթիվ լծակներ կիրառելով»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: