01/31/2025

Մարզական գործունեությունը դադարեցրած մարզիկների վրա տարկետումն այլևս չի տարածվի. Փաշինյան

Մարզական գործունեությունը դադարեցրած մարզիկների վրա տարկետումն այլևս չի տարածվի. Փաշինյան

 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին: Կառավարության հուլիսի 4-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը:

Նախարարը նախագծի հիմնավորման մեջ նշեց, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկներին չտրամադրվի տարկետման իրավունք:

Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- նշեց նա:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտն այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- հայտարարեց Փաշինյանը:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: