01/31/2025

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության հուլիսի 4-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է  ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և հաճելի, և շահավետ, և մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: