01/31/2025

Որոշ էնտերովիրուսներ կարող են 2-3 օրում մարդուն սպանել. մասնագետ

Որոշ էնտերովիրուսներ կարող են 2-3 օրում մարդուն սպանել. մասնագետ

Էնտերովիրուսները վիրուսների մեծ խումբ են, որոնցով վարակվելը կարող է ունենալ ամենատարբեր կլինիկական դրսեւորումներ՝ մկանային ցավերից եւ մաշկային ցանից մինչեւ բազմաօրգանային ախտահարումներ: Երբեմն այս վիրուսներով առաջացած հիվանդությունները զարգացման կայծակնային ընթացք են ունենում եւ մարդուն կարող են 2-3 օրում սպանել, պնդում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ, վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը:

Մասնագետի խոսքով՝ այս տարի Հայաստանում տարածված են էնտերովիրուսների տարատեսակներ, որոնք առաջացնում են լուծով ու փսխումներով  դրսեւորվող  աղիքային ինֆեկցիաներ։ Բայց կան նաեւ էնտերովիրուսների այլ տարատեսակներ, որոնք կարող են ախտահարել սիրտը, լյարդը, մենինգիտ առաջացնել։ Նման ինֆեկցիաների հանդեպ հատկապես խոցելի են երեխաները, որոնց իմունային համակարգը դեռ ամուր չէ։

Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ գրանցվել են նաեւ էնտերովիրուսներից մահվան դեպքեր,  եւ այսպես՝ 5 ամսական երեխա էր վերջերս մահացել միոկարդիտից, որն առաջացել էր էնտերովիրուսի հետեւանքով, ու չնայած որոշ մարդիկ փորձում են նրա մահը կապակցել ստացած պատվաստման հետ, խնդիրը, ամենայն հավանականությամբ, հենց էնտերովիրուսն էր, իսկ դա կհաստատի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքները հայտնի կդառնան մեկ ամիս հետո։

Հիշեցնենք, որ էնտերովիրուսների փոխանցման մեխանիզմն է կղանքային օրալը, ասպիրացիոնը (աերոզոլային): Փոխանցման ճանապարհներն են՝ ջրային, կենցաղային շփման, սննդային եւ օդակաթիլային:

Էնտերովիրուսային ինֆեկցիաներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում՝

  • Հետեւել անձնական հիգիենայի կանոններին (ձեռքերը հաճախ լվանալ, պահպանել փռշտալու եւ հազալու հիգիենան), հատկապես նորածիններին խնամելիս
  • Մրգերը եւ բանջարեղենը մանրակրկիտ լվանալ
  • Խուսափել վարակված մարդկանց հետ սերտ շփումից
  • Սենյակը հաճախ օդափոխել եւ կատարել խոնավ մաքրում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: