01/31/2025

ԵԿՄ փոխնախագահները ներկայացրել են Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը կառույցի նախագահի պաշտոնում

ԵԿՄ փոխնախագահները ներկայացրել են Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը կառույցի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ հուլիսի 5-ին տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ, տեղեկացնում է ԵԿՄ լրատվության բաժինը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԿՄ լրատվական ծառայությունից, նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:

Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», - իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:

Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:

Նիստին բացակայող բաժանմունքների նախագահներն իրենց դիրքորոշման մասին նախապես հայտնել էին վարչությանը: Այն հիմնականում չէր տարբերվում ներկաների կարծիքից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: