01/31/2025

Ինչու՞ չի հեռարձակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վարչապետի եւ ընկերության պատասխանատուների հանդիպումը

Ինչու՞ չի հեռարձակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վարչապետի եւ ընկերության պատասխանատուների հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը հայ քաղաքական մշակույթի մեջ մտցրեց բացախոսության, հրապարակայնության, թափանցիկ գործելակերպի անօրինակ բաղադրիչներ:

Սյունիքյան այցի ամբողջ ընթացքն էլ, կարելի է ասել, ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացվեց մի քանի լրատվամիջոցի օգնությամբ:

Հուլիսի 6-ին Վայոց ձորից ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացվեց նաեւ Ամուլսարի հետ կապված քննարկումը, ինչը, բնականաբար, հետաքրքրում էր հայ ժողովրդին:

Սակայն, սյունիքյան եւ վայոցձորյան այցի վերաբերյալ հաղորդումներում տեղ չգտավ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած քննարկման ուղիղ հեռարձակումը. մի քանի դրվագ ցույց տրվեց միայն վարչապետի՝ հանքավայր կատարած շրջագայությունից:

Չենք ուզում ենթադրություններ անել եւ վաղաժամ եզրակացություններ հայտնել, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել վարչապետի եւ կոմբինատի ղեկավարության միջեւ:

Չենք բացառում նաեւ, որ վարչապետը դեռ կհասցնի իր հեղինակավոր խոսքն ասել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված եւ հայ հանրությանը հետաքրքրող հարցերի առնչությամբ:

Առայժմ, պարզապես, արձանագրում ենք իրողությունը՝ սյունիքյան եւ վայոցձորյան այցի ընթացքում (ընդունված ձեւաչափով) թափանցիկ չի եղել միայն Քաջարանի կոմբինատի ղեկավարների եւ ՀՀ վարչապետի հանդիպումը:

Արձանագրում ենք նաեւ՝ ՀՀ վարչապետի այցի արդյունքում նույնիսկ լույս չի սփռվել ողջ հայ ժողովրդին հետաքրքրող պարզագույն հարցերի վրա՝ ովքե՞ր էին Քաջարանի կոմբինատի բաժնետերերը  2004-ին, ովքե՞ր են հիմա, եւ ինչպե՞ս է կատարվել այդ փոփոխությունը:

Հարգելի վարչապետին, այդ ամենով հանդերձ, սյունիքյան պատուհանից մի ակնհայտ հիշեցում ենք ուզում անել՝ հայաստանյան հեղափոխության իրական էության արտացոլանքը, կոռուպցիայի դեմ հռչակված պայքարի իրական պատկերը միայն ու միայն կարող է երեւալ Քաջարանի կոմբինատի հանդեպ Հայաստանի Հանրապետության նոր կառավարության քաղաքականության համապատկերի վրա:

Այո, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում վերջին չորս տարում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականն է այն բացառիկ բարոմետրը, որով կչափվի-կկշռվի հանրապետությունում տեղի ոււնեցող իրադարձությունների անկեղծությունը: Ուրիշ բարոմետր, ուրիշ չափորոշիչ, ցավոք, չկա ու չի կարող լինել…

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: