01/31/2025

Փաշինյանի «լայվը» և Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

Փաշինյանի «լայվը» և Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրահատուկ կերպով հուլիսի 8-ին տրվեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկած սպասված ու սիրված կինոտոնին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ: Բացման հանդիսավոր արարողության մեկնարկին փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգով:

«Հանդիսատեսը շատ է կապվել այս փառատոնիn: Շատ կարևորում եմ, իհարկե, հյուրերի ցանկը, որոնց շարքում համաշխարհային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետներ են: Փառատոնը պետք է շարունակվի ոչ միայն նույն ռիթմով, նոր ոգով, այլև պետք է նորովի մատուցենք հանրահայտ արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները մեր հանդիսատեսին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հանդիսավոր արարողության մեկնարկին ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ: Ներկայացվեցին նաև երաժշտական համարներ, ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ:

Երեկոյի ընթացքում տեսաէկրանին ցուցադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որում նա շնորհավորեց բոլորին փառատոնի մեկնարկի առթիվ: «Իհարկե, հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները կինոյում իրենց արտահայտությունը կգտնեն: Եվ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք կունենան հնարավորություն ստեղծելու նորանոր բազմաթիվ գլուխգործոցներ», -իր ֆեյսբուքյան լայվ հիշեցնող տեսանյութում ասաց Փաշինյանը:

Արարողությանը ներկայացվեցին նաև փառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև փառատոնային ժյուրիի կազմը:

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Հետո բեմում հայտնվեց նրա ֆիլմի հայտնի Սև կարապն ու գեղեցիկ պարից հետո Արոնոֆսկուն բերեց բեմ:

Արոնոֆսկին իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ պարող կարապն այնքան խենթ է, որքան իր ֆիլմերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում իր հետևից ընկել են փոքր երեխաներ՝ փորձելով ջրել նրան: Այստեղ էլ ռեժիսորը տեղեկացել է, որ հուլիսի 8-ին մեր երկրում ջրի տոն է, և մարդիկ իրենց մեղքերն են լվանում: Ջրի շիշը ձեռքին ռեժիսորը նախ իր գլխին ջուր թափեց, այնուհետև «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը միացավ խրախճանքին ու ջրեց նրան:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը, փառատոնի հիմնադիրներն էլ կինոտոնը բացված համարեցին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութայինիրադարձություններից մեկն էՀիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացմանհիմնադրամիԿինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկեծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն ԽաչատրյանըկինոքննադատներՄիքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ումշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնը հիմնման պահից ի վերՓառատոնն ամեն տարի կինոարվեստիերկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութայինտարբեր ծրագրերով։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: