08/03/2020

Նա իր պահվածքով սյունեցու ձուլվածքին ազնվություն եւ արժանապատվություն հավելեց

Նա իր պահվածքով սյունեցու ձուլվածքին ազնվություն եւ արժանապատվություն հավելեց

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Սմբատ Օրբելյանին՝ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում հաջողություններ իր երկրաշեն ծրագրերի իրականացման ճանապարհին:

Մենք հպարտանում ենք Սմբատ Օրբելյանի հետ ունեցած բարեկամությամբ, եւ մեր լրատվամիջոցի օրբելյանական ընկալումը գնահատում իբրեւ սյունիքյան մտավորականության անաչառ վերաբերմունքի ոգեւորիչ, նաեւ պարտավորեցնող արտահայտություն:

Սմբատ Օրբելյանը ճանաչված բժիշկ է մեզանում, իսկական պրոֆեսիոնալ եւ առողջապահության ոլորտի փորձառու կազմակերպիչ: Նրա կազմակերպական ու մասնագիտական հմտությունները դրսեւորվեցին Կապանի բժշկական կենտրոնը գլխավորելու մոտ քսան տարվա ընթացքում: Գնահատանքի արժանի է հատկապես նրա գործունեությունն Արցախյան պատերազմի, ապա Ապրիլյան իրադարձությունների ճակատագրական ժամանակներում. ճշմարիտ է ասված՝ Կապանի բժշկական կոլեկտիվը՝ նրա գլխավորությամբ, հազարավոր մարդկանց կյանք փրկեց:

Նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնանորոգվեց, արդիականացվեց եւ միանգամայն նոր մակարդակի բարձրացվեց Կապանի հիվանդանոցը:

Սմբատ Օրբելյանը սյունիքյան մտավորականության մերօրյա երեւելի դեմքերից է, մեր երկրամասի արժանապատիվ զավակներից:Սյունյաց աշխարհի այն վեհանձն որդիներից է, ով իշխանություն ներթափանցած ասպատակին ընդդիմացավ՝ փորձելով թույլ չտալ, որ ապականվի իր բնօրրան Կապանը, որ չցեխոտվի սյունեցու արժանապատվությունը:

Իր այդ պահվածքով նա սյունեցու ձուլվածքին ազնվություն եւ արժանապատվություն հավելեց:

Այդ պահվածքով նա փորձեց սրբել ամոթն այն սյունեցիների ճակատից, ովքեր ծափուծիծաղով ստրկության գրվեցին հայրենի մեր տուն ուղարկված ստահակի մոտ:

Նրա արժանապատիվ պահվածքն էլ պատճառ դարձավ, որ Սյունիքի մարզային իշխանությունը, հանրապետության իշխանությունների լուռ հայացքի ներքո, ոչ միայն չափավորի նրա եռանդը, այլեւ հալածանքներ սկսի նրա, նաեւ նրա ընտանիքի դեմ՝ կանգ չառնելով ամենաստոր քայլերի առջեւ, իրականացնելով անվերջ եւ պատվիրված ստուգումներ ու  դրանց շինծու արդյունքներն ուղարկելով իրավապահ մարմիններ:

Եվ, այդ բոլորով հանդերձ, նա չընկրկեց, մնաց հավատարիմ իր տեսակին եւ սկզբունքներին: Մնաց ընդօրինակման արժանի շատերի համար: Մնաց սպասված Կապանա տանը: Մնաց իր երկրի ու երկրամասի նվիրյալն ու մշակը, նաեւ՝ լավատեսը:

Սակայն ափսոսում ենք, նաեւ զարմանում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեկ ամիս անց անգամ պատկան մարմինները գնահատական չեն տալիս նրա հանդեպ կիրառված ապօրինություններին ու չեն վերականգնում նրա ոտնահարված իրավունքը: Չնայած տարակուսելի այդ իրողությանը, գրեթե վստահ ենք, որ ողջամտությունը կհաղթանակի ի վերջո, որ բազում կապանցիների հարգանքն անվերապահ վայելող Սմբատ Օրբելյանի դեմ ձեռնարկված հետապնդումները կդադարեցվեն, կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, ու նրա մասնագիտական կարողությունները, քաղաքացիական ու մարդկային որակները կծառայեցվեն մեր երկրամասի հետագա զարգացմանը:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի' բարեկամ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

7 հուլիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: