01/31/2025

Ծնողները կարծում են, որ տարրական դասարաններում երեխաները շատ են ծանրաբեռնվում

Ծնողները կարծում են, որ տարրական դասարաններում երեխաները շատ են ծանրաբեռնվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարրական դասարաններում երեխաները շատ են ծանրաբեռնվում: Ազատ ժամանակ չեն ունենում խաղալու, հանգստանալու համար: Այս մասին  «Արմենպրես»-ին  հայտնեց երկրորդ դասարանի աշակերտ Կարենի մայրիկը` Ռուզաննան:

«Տղաս շատ է հոգնում: Հանձնարարությունները մեծաքանակ են ու բարդ: Ու դա դասերից խուսափելու, չսովորելու պատճառ է դառնում»,-ասաց նա:

Ծնողների համոզմամբ,  երեխաների միտքը չպետք Է ծանրաբեռնել հասակին անհամապատասխան ու ծավալուն նյութերով: Հակառակը`  պետք է այնպես անել, որ նրանք դեպի դպրոց ձգտեն:

«Առաջադրանքներ կան, որոնք տարրականների համար իսկապես բարդ են: Չկարողանալով կատարել հանձնարարված առաջադրանքը` երեխաները հիասթափվում են, չեն ուզում դպրոց գնալ: Օրինակ տղաս, դժվար է նրան համոզել դասերով զբաղվել, չի էլ ուզում դպրոց գնալ»,- ասաց երրորդ դասարանի աշակերտ Կոլյայի մայրիկը:

Իսկ տիկին Նելլիի մտահոգությունները միայն հանձնարարություններին չէին վերաբերում: Նրա հավաստմամբ, գրքերն էլ ծանր են. «Որդիս պայուսակը դժվարությամբ է տանում: Փորձում ենք հնարավորինս քիչ իրեր տեղավորել, բայց միևնույնն է, ծանր է ստացվում»:

Վերոնշյալ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ: «Յուրաքանչյուր հանրակրթական դպրոցում կա առարկայական ծրագիր, ըստ որի իրականացվում է դասապրոցեսը: Բացի այդ, կատարվում է փորձագիտական հետազոտություն կրթության ազգային ինստիտուտի կողմից: Հաշվի է առնվում տարիքային յուրաքանչյուր առանձնահատկություն: Իսկ գրքերի ծանրության մասին խնդիրը միշտ էլ եղել է: Այն համաձայնեցվում է Առողջապահության նախարարության հետ: Բայց վերոնշյալ խնդիրն առաջիկայում ուսումնասիրվելու է»,-ընդգծեց նա:

Սոնա Մկրտչյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: