01/31/2025

Գորիսի պատմամշակութային հուշարձաններն ու հետաքրքիր պատմությունները ներկայացված են «Հին և նոր Գորիս» պատկերագրքում

Գորիսի պատմամշակութային հուշարձաններն ու հետաքրքիր պատմությունները ներկայացված են «Հին և նոր Գորիս» պատկերագրքում

ԳՈՐԻՍ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեն Հովհաննիսյանի «Հին և նոր Գորիս» պատկերագիրքը թերթելիս հետաքրքրասերները կարող են ծանոթանալ Գորիսի պատմությանը, տեսարժան վայրերին, պատմամշակութային արժեքներին:

Ռուսերեն և անգլերեն լեզուներով գրքի շնորհանդեսն անցկացվեց հուլիսի 8-ին «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

«Պատկերագրքում ներառվել է քաղաքի ստեղծման պատմությունը, գորիսեցիների նիստուկացը, նրանց տարազը, արվեստը։ Գորիսը ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի մեջ մեծ տեղ ունի: Ափսոսում եմ, որ քիչ է ուսումնասիրված. կան հրաշալի աշխատություններ, բայց իմ ուշադրությունը գրավեց մշակութային ժառանգությունը, որն առանձին գրքով չի հրատարակվել։ Տպագրվել է 1000 օրինակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատկերագրքի հեղինակ Սեն Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով, գիրքը   վերցնելով, կարող ենք տեսնել, թե ինչով է հարուստ այս տարածաշրջանը: «Շատ ուրախ ենք, որ այն լույս է տեսել և հույս ունենք, որ իր արժանի տեղը կգտնի բոլոր գրախանութներում»,-ասաց նա:

Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը պատմեց, որ վերջերս իրեն բախտ է վիճակվել ծանոթանալ Սեն Հովհաննիսյանի հետ: «Նա այցելել էր Գորիս այս պատկերագիրքը կյանքի կոչելու համար: Նրա հետ շփումից պարզ դարձավ, որ Հովհաննիսյանը բազմաշնորհ և տաղանդավոր անձնավորություն է, նրա հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է: Նա զբաղվում է և’ քարտեզագրությայմբ և ազգագրությամբ, և’ հրատարակչական գործով»,-շեշտեց նա:

Սարգսյանը հավելեց, որ այս կարևոր աշխատանքում իրենց ուժերի սահմաններում փորձել են աջակցել նրան: «Հովհաննիսյանը կարողացել է փայլուն արտացոլել Գորիսի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Գորիսը, որը քաղաքակրթության հնագույն օջախներից է»,-ընդգծեց նա:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: