01/13/2025

Նա զրուցում էր բոլորի հետ՝ յուրովի

Նա զրուցում էր բոլորի հետ՝ յուրովի

Մտավորական  Խաչիկ Հայրապետյանը հենց այսպես էլ ասաց.

- Սպարտակ Բակունցը կարողանում է մտնել ընթերցողի հոգին՝ անկախ արծարծած  թեմայից: Նա ասես զրուցում է ընթերցողի հետ եւ այդ զրույցը պարտադրանք չէ, բռնազբոսիկ չէ:

Եվ չես վիճում Խաչիկի հետ: Կարդալով  Սպարտակ Բակունցի բանաստեղծությունները, զգում ես, որ Խաչիկի ասածն աքսիոմա է: Սպարտակ Բակունց բանաստեղծի մոտ  մտքի տեղատարափ է, եւ յուրաքանչյուր միտք արժեք է, եւ արժեքն այդ բանաստեղծությունը դարձնում է  մարդահամ և կարդում-կարդում ես ու ամեն բանաստեղծություն դառնում է կյանքը ճանաչելու բանալի: Այսինքն՝ Սպարտակ Բակունցի բանաստեղծություններն իրական կյանքի վավերագրեր են, արտացոլանք  միտք- բառ-հայելու մեջ:

«Սպարտակ Բակունցը փիլիսոփայաբար մտածելու հատկություն ունի: Թեմաների ընտրության հարցում էլ նա բացառիկ է: Նա քննում է ոչ միայն երեւույթը, այլեւ ասես մտնում դրա ներսն ու տեսնում դրա էությունը, գույները: Նրա բանաստեղծությունների թեման բազմազան լինելով հանդերձ, բայց եւ այնպես նրա թեման հիմնականում մարդն է, մարդագիտությունը, չարի ու բարու պայքարը: Եվ Հիսուս Քրիստոսը նրա համար մարդկության կողմից ստեղծված ամենաբարի կերպարն է: Եվ նա յուրաքանչյուր մարդու մեջ ուզում է տեսնել Քրիստոսի հատկանիշներից գոնե մեկը»,- գրող Արկադի Ծատուրյանի խոսքերն են:

Ասել է թե՝ Սպարտակ Բակունց բանաստեղծը մարդուն  տեսնում է յուրովի՝ իր առաքելությամբ: Իսկ այդ առաքելությունը պիտի լինի իր նմանին սիրելը, պատվելը:

Սպարտակ Բակունցը ծնվել է Գորիսի  համայնքի Վերիշեն բնակավայրում: Ավարտել է  Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Աշխատում էր Գորիսի գյուղվարչությունում՝ գլխավոր տնտեսագետ: Ստեղծագործել սկսել է  պատանեկության տարիներից: Սպարտակ Բակունցի մասին մեծն Համո Սահյանը գրել է. «Զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք  ոչ մի տող չի տպագրել: Մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլեւ գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երեւի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել եւ եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու: Կամ էլ ինչ իմանաս, կյանքում եղել է տաղանդավոր մարդ, կարողացել  է իրեն այնպես դրսեւորել, որ օգնել է մարդկանց, թեթեւացրել  նրանց կյանքն  ու ստեղծագործությունը համարել է  հավելյալ մի բան: Այս է հաստատում նրա կենսագրությունը: Կարեւորը նրա համար եղել է լինելը, քան երեւալը:

Նա է շունչը ժամանակի,

Ով, ընկնելով մարտի դաշտում,

Պատմությունն է կերտում ազգի,

Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,

Թե նա, ով իր տաքուկ բնում՝

Ազգի շահը դրոշ արած,

Կործանման է տանում ազգին՝

Հանուն շահի: 

Եվ Համո Սահյանը խորհուրդ է տալիս՝ «Կարդա այս գիրքը, սիրելի ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների եւ այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը...»:

Սյունիքի գրողների միությունում են  նաեւ Սպարտակ Բակունցի կինը, երեխաները, եղբայրը, հարազատներ, ընկերներ,  միության անդամներ: Ներկաները, ինչպես Խաչիկ Հայրապետյանն ու Արկադի Ծատուրյանը,  արժեւորեցին Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները, ցավ ապրեցին, որ «Հայացքների պայքար»  գիրքը եղավ Սպարտակի առաջին ու... վերջին գիրքը:  Թշնամու հրետակոծությանը զոհ գնաց Սպարտակը՝ չտեսնելով տպագրված իր գիրքը: Իսկ նրա բանաստեղծությունների ժողովածուն տպագրության պատրաստեց եղբայրը՝ Արմիկ Բակունցը:

-Ցավս մեղմելու միջոց էր Սպարտակի բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունն ինձ համար: Ու նաեւ եղբայրական պարտք: Այս գիրքը նույնպես նրա ժառանգն է, նրա   երեխան: 

Սպարտակ Բակունցի հարազատները շնորհակալություն հայտնեցին Սյունիքի գրողների միությանը՝ Սպարտակ Բակունց մարդ-բանաստեղծին հիշելու- մեծարելու-գնահատելու  համար: 

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: