01/31/2025

Ներողություն եմ խնդրում հիմնադրամի բոլոր նվիրատուներից. Արա Վարդանյանի հայտարարությունը

Ներողություն եմ խնդրում հիմնադրամի բոլոր նվիրատուներից. Արա Վարդանյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի իր հայտարարության մեջ ներողություն է խնդրել հիմնադրամի բոլոր նվիրատուներից: Նա հայտնել է, թե խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:  «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի´ հայրենակիցներ,

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:  Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:

Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել:

Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: