02/01/2025

Պաշտպանության նախարարն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն

Պաշտպանության նախարարն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժհաստատության անձնակազմի հետ, քննարկելու քաղաքացիական հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի միավորմանն առնչվող հարցերը:

Քննարկմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, N զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Սյունիքի մարզի եւ ՊՆ բուժվարչությունների ներկայացուցիչներ: 

Նախարարի հետ հանդիպման ժամանակ շատ հարցեր գտան իրենց հստակ պատասխանը: Նախքան որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնելը՝ Դավիթ Տոնոյանը նախընտրեց լսել ներկաներին:  

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը ներկայացրեց կենտրոնի առավելությունները, մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ առկա խնդիրները, որոնք, ի դեպ, քիչ չեն: Բժշկական կենտրոնն ունի մասնագետների կարիք, շենքը երկար տարիներ է՝ չի հիմնանորոգվել, չի վերազինվել ժամանակակից սարքավորումներով: 

Ստեղծված իրավիճակի շուրջ արտահայտվեց Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը. «Մինչ օրս եւ հետայսու հոսպիտալը պատրաստակամորեն աջակցել է Սիսիանի բժշկական կենտրոնին, հարկ եղած դեպքում մեր մասնագետները նաեւ այստեղ են ծառայություններ մատուցել: Ըստ նախնական մշակված ծրագրի՝ ոչ թե հիվանդանոցը փակվելու էր, այլ լուծարվելու էր «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, իսկ շատ բաժանմունքներ, այդ թվում՝ դիահերձարանը, պետք է մնային տեղում, սակայն տեղական լրատվամիջոցների եւ բուժանձնակազմի տարածած ապատեղեկատվության պատճառով ստեղծվեց այն կարծիքը, թե հիվանդանոցը փակվում է, տեղափոխվում է հոսպիտալ եւ այլն: Կոչ եմ անում խոսել ըստ էության եւ նման խոսակցություններով քաղաքացիների շրջանում արհեստական ընդվզում չառաջացնել»: 

Ապատեղեկատվության տարածման մասին խոսեց նաեւ պաշտպանության նախարարը. «Խոսքը ոչ թե հիվանդանոցի փակման, այլ մեկ կետից կառավարման, ֆինանսական եւ կազմակերպչական խնդիրների միասնական լուծման մասին է»: 

«Չստացվի այնպես, որ պաշտպանության նախարարությունը գումար աշխատելու խնդիր ունի եւ այս ամենը դրա համար է արվում, ամենեւին, այս միավորումը հավելյալ բեռ է ՊՆ- ի համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ հիվանդանոցում ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլ նաեւ՝ կառուցվածքային, ու այն, որ սիսիանցին կատարել է իր ընտրությունը՝ ակնհայտ է. հոսպիտալում կատարված վիրահատությունների թիվը զգալիորեն մեծ է:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ խնդրի շուրջ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով այն կարծիքին է, որ հարցը պետք է լուծվի օրենքին համապատասխան եւ ի շահ սիսիանցու: 

Ելնելով ներկաների տարակարծությունից՝ պաշտպանության նախարարը չշտապեց վերջնական որոշում կայացնել, փոխարենը խնդրի լուծման մի քանի տարբերակ առաջարկեց: Ըստ առաջին տարբերակի՝ երկու բուժհաստատությունը միավորվում են, գործում ՊՆ կազմում, համալրվում են որակյալ մասնագետներով, կրճատումներ եւ ենթակառուցվածքներում փոփոխություններ չեն լինում, ծրագիրն իրականացվում է պիլոտային տարբերակով՝ հասկանալու՝ արդյունավե՞տ է, թե՞ ոչ: 

Ըստ երկրորդ տարբերակի՝ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է կառավարության որոշման նախագիծ՝ չեղարկելու միավորումը, այս դեպքում տարածաշրջանն ունենում է երկու բուժհաստատություն՝ հավասար իրավունքներով, քանի որ հոսպիտալում բնակիչներն այսուհետ կկարողանան օգտվել սոցփաթեթից եւ բուժվել պետպատվերի շրջանակներում: 

Դավիթ Տոնոյանն առաջարկեց նաեւ երրորդ՝ «ոչ՝ ինձ, ոչ՝ քեզ» տարբերակը, բժշկական կենտրոն ՓԲԸ-ն չի լուծարվում եւ տնօրինությունը հնարավորություն է ունենում որոշելու, թե որ ոլորտներն են մնում ՓԲԸ կազմում, որոնք՝ միավորվում հոսպիտալին: Նախարարը հանձնարարեց որոշման նախագիծն իրեն ներկայացնել երկշաբաթյա ժամկետում, քանի որ այսպես կիսատ-պռատ աշխատել երկար հնարավոր չէ:

Դավիթ Տոնոյանը եղավ նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացավ շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին եւ տեխնիկական հագեցվածությանը:

sisian.info

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: