02/01/2025

Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան

Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատում է իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպան Լաքոտն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»,-ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

«Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և, մանավանդ, այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են  բանակում»,-նշեց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ բանակցային գործընթացում ցանկալի էր հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան այս  ձևաչափով հանդիպումների ժամանակ ևս պաշտպանում է դիրքորոշումը ` հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

«Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Դրանից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ կեղծ տեղեկատվությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: