03/03/2025

Թեեւ Վահեն դուրս է քշվել մարզպետարանից, բայց մեզանից չի կարող պրծնել, քանի դեռ…

Թեեւ Վահեն դուրս է քշվել մարզպետարանից, բայց մեզանից չի կարող պրծնել, քանի դեռ…

Հուլիսի 5-ին մարզկենտրոն այցելած եւ բնակչության հետ հանդիպած Նիկոլ Փաշինյանը կապանցիներիս համար երկար սպասված հայտարարություն արեց. «Ես ձեզ խոստանում եմ, որ շատ արագ ֆուտբոլը կվերադառնա Կապան»: 

Հազարավոր կապանցիներ բուռն ծափահարություններով արձագանքեցին վարչապետի հայտարարությանը:

Ինքս էլ, նաեւ ֆուտբոլասեր հայրենակիցներիս անունից, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Այդ ամենից հետո, կամա- ակամա, մտովի հայացք եմ ձգում կապանյան ֆուտբոլի հանդեպ վերջին տարիներին դրսեւորված հանցավոր վերաբերմունքին, դրա հետեւանքներին:

Վահեի պատճառով տասը տարով ֆուտբոլը հետ ընկավ Կապանում:Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում կապանցի ֆուտբոլիստ չկա. նախկինում մոտ տասը խաղացող ունեինք այնտեղ:

Առաջին լիգայում երկու կապանցի է մնացել:

Պատանեկան թիմում խաղացողներին 7-8 տարի է պետք, որ կարողանան մտնել առաջին կամ բարձրագույն լիգա:

Բազմաթիվ ֆուտբոլասեր կապանցի երեխաներ էլ տեղափոխվել են Երեւան կամ Ռուսաստան՝ այնտեղ պարապելու համար, քանի որ իրենց ծննդավայրում ֆուտբոլն արգելված էր տեղական իշխանությունների կողմից:

Եվ այդ ամենը՝ ինչ-որ Վահեի կամայականությունների, անձնական հաճույքների հետեւանքով:

Քանիցս եմ ասել՝ նրա մոտ ցինիզմը սահման չուներ. իր մերձավորների միջավայրում է բազմիցս հայտարարել, թե գումար եմ տվել, որ թիմը Կապանից հանեմ, որ Կապանի մարզադաշտը որակազրկեմ…

Ո՞ւմ է կաշառել այդ անօրենը, որ ֆուտբոլը դուրս հանի Կապանից:

Նաեւ պատճառաբանել է, թե եւ՛ իր համար, եւ՛ ֆուտբոլիստների համար, էկոլոգիական տեսակետից, Կապանը թունավոր միջավայր է՝ նկատի ունենալով Արծվանիկի պոչամբարը: Ու դրա համար էլ եւ՛ ինքը, եւ՛ ֆուտբոլիստները չեն կարող ապրել ու խաղալ Կապանում:

Դրա համար էլ օրերով փախչում էր աշխատանքից:

Նաեւ ֆուտբոլի հանդեպ ունեցած քմահաճ վերաբերմունքով էր երեւում նրա արհամարհանքը  տեղացիներիս հանդեպ: Իրականում տեսնել չէր ուզում կապանցիներիս, ինքը գեղցի լինելով՝ մեզ էր գեղցի անվանում…

Ապրիլ- մայիսյան օրերին քանի- քանի անգամ փորձեցի նրան բռնել ու պատասխան պահանջել, բայց միշտ էլ հաջողեց մեքենայով փախչել…

Սակայն դրանով նա չի պրծել: Թեեւ հեռացվել է պաշտոնից, բայց պատասխան չի տվել դեռ:

Ինքը պետք է պատասխան տա ֆուտբոլը Կապանում վերացնելու համար:

Ինքը պետք է թալանածը հետ բերի:

Սյունիքում նա շատ լկտիություններ թույլ տվեց, հանցանքներ գործեց, որոնցից մեկը ֆուտբոլի հանդեպ դրսեւորած ստոր վերաբերմունքն էր:

Միայն օտարը, միայն թշնամական տրամադրությամբ լեցուն մարդը կարող էր նման բան անել Կապանի հանդեպ: Եվ ինքը հենց այդ օտարն էր…

Մի հարցնող լինի՝ եթե Կապանի օդը թունավոր է, ու ինքը չի կարող ապրել Կապանում, ապա ինչպե՞ս ապրեն այստեղ կապանցիները: 

Մի՞թե Կապանը նրա համար ժամանակավոր վայելքների, հարստություն դիզելու քաղաք էր սոսկ:

Փա՜ռք Աստծո, որ մարզպետը հիմա սյունեցի է: Սպասում ենք, որ Կապանի համայնքապետն էլ մի նորմալ անձնավորություն կլինի:

Եվ բոլորս միասին, վարչապետի նշած հավաստիացումից հետո, կձգտենք վերականգնել Կապանի ֆուտբոլային համբավը: Ու ստիպված չենք լինի նորից փակել Կապանով անցնող միջպետական ճանապարհը կամ շրջափակել Արծվանիկի պոչամբարը…  

Դրանից առաջ, մինչդեռ, պատասխան պետք է տա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Չլիներ նրա առեղծվածային պահվածքը, Վահեն նման լկտիությամբ չէր հարձակվի Կապանի ֆուտբոլի վրա:

ԳԱԳԻԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: