02/01/2025

Մեդալների հարուստ ավարով

Մեդալների հարուստ ավարով

Կապանի մարմնամարզության մարզադպրոցի սանուհինները հաջողությամբ են հանդես եկել հուլիսի 8-10-ը Գյումրիում անցկացված «Բարեկամություն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր մոտ երկու հարյուր մարզուհի՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Բելառուսից, Քաթարից: Մարի Բաղդասարյանը պարանով վարժությունում գրավել է առաջին տեղը, կապանցի նազելիներից չորսը բարձրացել է պատվո պատվանդանի երկրորդ հարթակ, իսկ վեցն արժանացել է երրորդ մրցանակի: 11-րդ անգամ է անցկացվում Գյումրու միջազգայինը, սա կապանցի մարզուհիների 10-րդ մասնակցությունն էր: 

«Գյումրու միջազգային մրցումները միակն է, որին կարողանում ենք մասնակցել: Ավելի ստույգ՝ մրցումներ շատ կան, բայց ֆինանսների բացակայության պատճառով չենք կարողանում մասնակցել, դա մեր ամենախոցելի տեղն է: Մայիսին հրաշալի մրցաշար կար Ալուշտայում: Ամեն ինչ հաշվարկված էր, մեզ խոստացել էին հովանավորել, մրցման պիտի մեկնեին չորս մարզուհի, երկու մարզիչ: Բայց, ավա՜ղ, հովանավորություն չեղավ վերջին պահին: Ինչեւէ, հուսով ենք, որ առաջիկայում օգնության ձեռք կմեկնեն, որովհետեւ հեռանկարային մարզուհիներ ունենք, ովքեր մրցափորձի պակաս ունեն, ինչը կարելի է լրացնել միայն նման բարձրակարգ մրցումների միջոցով»,- «Սյունյաց երկրին» փոխանցեց մարզադպրոցի ավագ մարզիչ Օլգա Դունաեւսկայան, ով կրթօջախի հիմնադիրներից է եւ այդտեղ աշխատում է 1978 թվականից: Նրա փոխանցմամբ՝ մարզուհիների մարզավիճակի վրա բացասաբար է անդրադառնում այն, որ ձմռան ամսիներին դահլիճը չի ջեռուցվում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: