02/01/2025

Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց դատարկ դահլիճում

Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց դատարկ դահլիճում

Երևանի ավագանու նիստն սկսվեց ու ընդմիջվեց 30 րոպեով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այսօր ժամը 11։00-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց գրեթե դատարկ դահլիճում։

Ինչպես հայտարարեց նիստը վարող Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նիստին ներկա է ավագանու 5 անդամ։ Ապա հիշեցրեց, որ նիստը կարող է կայանալ, եթե նիստին ներկա է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն` առնվազն 33 հոգի։

«Այս պահի դրությամբ նիստին ներկա են ավագանու 5 անդամ։ Քվորում չունենք, հետևաբար նիստն իրավազոր չէ։ Կանոնակարգի 144.2 համաձայն` 30 րոպե ընդմիջում»,– ասաց Կամո Արեյանը։

Ընդմիջմանը, լրագրողների հետ զրույցում, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով այսօր քաղաքապետի միակ թեկնածուն է, նշեց, որ առաջադրվել է, որպեսզի երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով։

«Այս պահին արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել արդար, քանի որ ունենք նույն ԿԸՀ–ն, նույն ընտրակարգը, նույն ընտրական համակարգը, հետևաբար, ցանկալի կլիներ այդ ամենը շտկեինք ու նոր միայն սկսեինք մեր արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենա ներկայացված լինելու իմ միջոցով»,– ասաց Փոստանջյանը։

Նիստից առաջ քաղաքապետարանի մուտքի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել, ովքեր իրենց զորակցություն են հայտնում Զարուհի Փոստանջյանին։ Նրանց շարքերում են նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու երգիչ–երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Զարուհի Փոստանջյանն ընդմիջմանը դուրս եկավ շենքից` իրավիճակի շուրջ իր համակիրներին պարզաբանումներ ներկայացնելու համար։

Հիշեցնենք` ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու արտահերթ նիստին։ Այսպիսով, երկու խմբակցությունները նպատակ են հետապնդում ցրել գործող ավագանին ու գնալ նոր ավագանու արտահերթ ընտրության։

«Երկիր ծիրանի» խմբակցության կողմից առաջադրվել է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: