02/01/2025

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:  Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած նիստի ժամանակ, նիստը նախագահող դատավոր Վահե  Միսակյանը,  հաշվի առնելով մի շարք  հանգամանքներ այդ թվում՝  դատապարտյալի առողջական վիճակը, ինչպես նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկում վերջինիս ցուցաբերած դրական վարքագիծը, որոշում կայացրեց  բավարարել   Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացվել էր փաստաբան  Արա Ղարագյոզյանի կողմից։ «Ղեկավարվելով ՀՀ  քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի  434, 438 հոդվածներով դատարանը որոշեց՝ Արթիկ  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ  Արարատ  Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ  առաջին ատյանի դատարանի 17.06.2017  թվականի պատժի մնացած մասի՝  1 տարի 6 ամիս 5 օր, կրումից: Արարատ  Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը  չկրած մասի չափով և  վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 20-ին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում եւ մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել  երեք ու կես տարվա ազատազրկման: Արարատ Խանդոյանը պատիժը կրում էր Արթիկ քրեակատարողական հիմնարկում:  

Դատարանի դահլիճում ինչպես  նիստի մեկնարկին, այնպես էլ դատավորի՝  որոշումն ընթերցելուց հետո Արարատ Խանդոյանին  հարազատներն ու համակիրները  դիմավորեցին ծափերով:

 

Արմենուհի Մխոյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: