01/13/2025

Դաշնակահարուհու կապանյան բեմելը

Դաշնակահարուհու կապանյան բեմելը

Կապանի արվեստի քոլեջի ազդագիրը  հրավիրում էր կրթօջախի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճ, որտեղ դաշնամուրային համերգով հանդես պիտի գար Վերժինե Էլյազյանը: Այդ անուն-ազգանունը հայտնի չէ կապանցի արվեստասերին: Դաշնակահարուհին ծնվել եւ մեծացել է Ռուսաստանի Դաշնության Կուրգան քաղաքում, սովորում է տեղի  Դմ.Շոստակովիչի անվան երաժշտական քոլեջի  երրորդ կուրսում:

Չնայած դեռատի տարիքին հասցրել է համերգներով հանդես գալ Կուրգանում, Չելյաբինսկում, Տյումենում, Յուժնի ՈՒրալում, Պերմում, Սոչիում: Երկու անգամ մասնակցել է Երեւանում կազմակերպված Առնո Բաբաջանյանի անվան մրցույթին՝ արժանանալով մրցանակների: Նաեւ համերգային ծրագրով հանդես է եկել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում՝ մեծն Մոցարտի ծննդավայրում՝ այն սրահում, որտեղ ժամանակին նվագել է աշխարհահռչակ կոմպոզիտորը:

Մի փափագ եւս ուներ կրտսեր Վերժինեն՝ հանդես գալ Կապանում, որտեղ գտնվում են իր արմատները: Իսկ Կապանի արվեստի քոլեջի դահլիճում հանդես գալը մի այլ խորհուրդ ուներ. Վերժինեն իր տատի անունն էր կրում, Կապանի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ արվեստի քոլեջ) երկարամյա դասախոս, դաշնակահարուհի Վերժինե Ալեքսանյանի, ով վաղաժամ հրաժեշտ է տվել երկրային կյանքին…

Շնորհալի դաշնակահարուհին վարպետությամբ հնչեցրեց Բախի, Բեթհովենի, Լիստի, Ռախմանինովի, Շումանի ստեղծագործություններից եւ որպես հավարտ համերգի, կատարեց հայկական մոտիվներով սեփական ստեղծագործությունը: Հանդիսականը շնորհալի դաշնակահարուհուն վարձատրեց երկարատեւ ծափողջույններով, եւ որպես «բիս» Վերժինեն կատարեց Արամ Խաչատրյանի վալսը` «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից: 

Համերգի ավարտին դաշնակահարուհու հայրը՝ Գարիկ Էլյազյանը շնորհակալություն հայտնեց Կապանի քոլեջի տնօրենությանը՝ աջակցության եւ դահլիճը տրամադրելու համար, իսկ քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը դաշմակահարուհուն մաղթեց նոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: