12/24/2025

Մեղրիում և Ագարակում ծորակներից ցեխաջուր է գալիս

Մեղրիում և Ագարակում ծորակներից ցեխաջուր է գալիս

Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ համայնքների բնակիչներն ահազանգում են՝ ծորակից ցեխաջուր է գալիս: Նրանք տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերի իրենց էջերում: Ըստ քաղաքացիների, պատճառը անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներն են:

Ագարակ համայնքի Բանգլադեշ թաղամասի  բնակիչ Արթուր Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, հիմա ջուրը մաքուր է, նման գույն այն ստանում է ձմռանը:

«Ջրագծի 350-400 մետր գալիս է ոչ հողի տակով, բաց վիճակում է, ինչի հետևանքով ձմռան ամիսներին սառում է: Օրերով ջուր չենք ունենում: Բնակիչները ստիպված տաքացնում են խողովակը, հալվում է, ծորակից էլ նման ջուր է գալիս»,-ասաց նա:

Ա. Ստեփանյանի խոսքով, իրենք մի քանի անգամ դիմել են ընկերությանը, սակայն տարիներ շարունակ խնդրին լուծում չի տրվում:

«Ասում են՝ լավ կլինի, բայց թե երբ, պարզ չի»,-նշեց նա:
 



Պարզելու համար, թե ինչն է ծորակից կեղտոտ ջուր գալու պատճառը, ինչպես նաև իմանալու, թե խնդիրը լուծելուն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկվում,  Panorama.am-ը  դիմեց  «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանն ասաց՝ խնդրին ծանոթ չեն, պատճառների մասին ոչինչ ասել չեն կարող:

Սոցցանցում հրապարակված տեսանյութերից մեկի հղումը Panorama.am-ն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է ընկերությանը:


 

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Դիլիջանում էլ ծորակներից կեղտոտ, խմելու համար ոչ պիտանի ջուր  է գալիս:

Հիշեցնենք, որ ընկերության աշխատանքի մասին նախօրեին դժգոհություն էր հայտնել նաև վարչապետ Փաշինյանը. «Վերջերս ես հանդիպում ունեցա ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ, անկեղծ ասած, բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և հույս եմ հայտնել, որ ընկերությունը լրջորեն կվերանայի իր գործելակերպը ՀՀ-ում»:

Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: