01/13/2025

Նախակրթականը սպասում է նորոգողին. անդրադարձ վարչապետի արեւիքյան այցին

Նախակրթականը սպասում է նորոգողին. անդրադարձ վարչապետի արեւիքյան այցին

Մեղրի քաղաքի հրապարակում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքի բնակիչների հետ հուլիսի 5-ին հանդիպման ժամանակ համայնքի մսուր- մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը ներկայացրեց նախակրթարանի անբարեկարգ վիճակը՝ նաեւ հայտնելով, որ հոկտեմբերին լրանում է կրթօջախի 95-ամյակը:

-Բարի գալուստ արեւի երկիր, մեր քաղաքի մանկապարտեզը 95 տարվա պատմություն ունի: Մասնաշենքը, որտեղ հաճախում է 200-ից ավելի երեխա, գործում է 1987 թվականից: Այն գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, հարցը ներկայացվել է բոլոր ատյաններ՝ հանրապետության կառավարություն, Սյունիքի մարզպետարան, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, բարեգործական այլ կազմակերպություններ, սակայն սայլը տեղից չի շարժվել, հարցի որեւէ լուծում չի գտնվել: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ Մեղրի այցելեց, խոստացավ, որ մանկապարտեզն իր 95-ամյակը կտոնի փոքրիշատե բարեկարգ շենքում: Բայց միայն վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում պարզվել է, որ  հիմնանորոգումը կարժենա 426 միլիոն դրամ: Շենքը տիպային է, կարող է ընդունել մինչեւ 220 երեխա, բայց քանի որ անբարեկարգ են որոշ խմբասենյակներ, չենք կարողանում ութ խմբից ավելի երեխաներ ունենալ: Մանկապարտեզ հաճախելու դիմումներ կան, որոնք չենք կարողանում բավարարել: 

Վարչապետն ասաց, որ վստահ չէ, որ մինչեւ հոկտեմբեր, երբ լրանում է մանկապարտեզի հիմնադրման 95-ամյակը, խնդիրը կլուծվի, բայց քանի որ համայնքի միակ մանկապարտեզն է, խնդրի լուծման տարբերակներ պիտի գտնեն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: