02/01/2025

Ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստման խնդիր կա՝ հատկապես մոդեռնիզացիայից հետո. Ս. Ազատյան

Ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստման խնդիր կա՝ հատկապես մոդեռնիզացիայից հետո. Ս. Ազատյան

Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միությունն անհանգստություն ունի՝ կապված Ատոմակայանի վերագործարկման ժամկետների հետ: 

Միության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ հիշեցին, որ 1993-95 թթ. իրենք աշխարհում նախադեպը չունեցող բան են կատարել:

«Մեր վետերանների միությունն իր արժանապատիվ տեղն է զբաղեցնում Վետերանների միջազգային կազմակերպության՝ բարձր ինտելեկտով օժտված միլիոնավոր մասնագետների շրջանում: Եվ դա հայ գիտնականների և մասնագետների այն սերունդն է, որը 1993-95 թթ. իրագործելով Հայկական ատոմակայանի՝ աշխարհում իր նախադեպը չունեցող՝ վեց ու կես տարի կանգնեցված ամենաբարդ տեխնոլոգիական հրաշքը, էներգիայի խաղաղ օգտագործման կայանքն արդեն 25 տարի անվտանգ և առանց էկոլոգիական բացասական հետևանքների ծառայեցնում է մեր երկրին»,- ասաց ԱԷՎՀՄ նախագահ Սուրեն Ազատյանը:

Ատոմային էներգետիկայի մասնագետի խոսքով՝ ՀՀ էներգետիկ համակարգը միշտ էլ զարգացած է եղել, ավելին՝ 20-ականներից ունեցել է էլէնեգիա արտադրող բոլոր օբյեկտները: Նա շեշտեց, որ այսօր պրոցեսներն արագացել են և չի կարելի հապաղել: Ազատյանը նշեց, որ Ատոմակայանի ղեկավարման հետ կապած էլ խնդիրներ կան:

«Ինչպես բոլոր ոլորտներում, ցավոք, Ատոմակայանի ղեկավարման համակարգն էլ խնդիրներ ունի: Մենք նամակ գրեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասացինք, որ, եթե այլ համակարգերում կարելի է սխալ թույլ տալ, ապա այս ոլորտում չի կարելի, քանի որ Ատոմակայանը մեծ կարևորություն ունի, ու սխալվելն անթույլատրելի է: Խնդրեցինք հանդիպում նախարարի ու Ատոմակայանի մասնագետների հետ, և այդ հանդիպումը եղավ»,- հավելեց Ազատյանը:

Սուրեն Ազատյանի մոտ նախարարի հետ հանդիպումից հետո հարցականներ են մնացել՝ հատկապես վերագործարկման աշխատանքների ավարտի հետ կապված:

«Մտահոգություններից մեկն այն է, որ մեծ ծավալով աշխատանք է կատարվում, մոդեռնիզացվում է համակարգը, բայց չէ՞ որ հետագայում շահագործող մարդիկ էլ պետք է այդ աշխատանքներին մասնակցեն, սա վերին աստիճանի կարևոր է: Աշխատանքների ավարտի հետ կապված կարող են խնդիրներ լինել սակագնի հետ կապված, չէ՞ որ, հիշում ենք, 2015 թ.-ին, երբ մի ագրեգատը կանգնեց, ցնցումներ եղան, որից հետո 6.5 դրամով ավելացավ գինը: Իսկ այսօր ասում են, որ եթե դեկտեմբերի 31-ից մեկ օր ուշանում է, ապա 240 մլն դրամի վնաս ենք կրում, այսինքն՝ պետության համար էլէներգիա արտադրելը թանկանալու է»,- շեշտեց նա:

Ազատյանը գտնում է, որ Ատոմակայանի աշխատակիցները պետք է վերապատրաստվեն, քանի որ դա մի կառույց է, որն անդադար է աշխատում, և շահագործողները պետք է պատրաստված լինեն։ Ազատյանը նաև կարևորեց մասնագետների բարոյահոգեբանական վիճակը:

Վերջինս նաև խնդրահարույց է համարում այն, որ Ատոմակայանը վերակառուցվում է վարկային միջոցների հաշվին. «Այս ի՞նչ ենք վարկ վերցրել, ի՞նչ է՝ Ատոմակայանն այս ընթացքում անդադար աշխատելով փող հետ չի՞ գցել, ինչի՞ ենք ուրիշին դարձնում մեր գլխի տերը»,-եզրափակեց Սուրեն Ազատյանը:

 Անի Օհանյան

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: