02/02/2025

Այս իշխանությունը բեկումնային փոփոխություններ տնտեսական կառավարման մեջ դեռ չի արել

Այս իշխանությունը բեկումնային փոփոխություններ տնտեսական կառավարման մեջ դեռ չի արել
«Ես կարծում եմ, որ կառավարության աշխատակազմում երկու հրաժարականները անփորձության հետևանք էին, թեև հրաժարականների թեմաները տարբեր էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ հավելելով, որ երկու պարագայում էլ բացակայում էր գիտակցությունը, թե ինչ է պետական ծառայողը:
 
Քաղաքագետը կարծում է, որ նոր իշխանության կադրային քաղաքականության սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքական պաշտոնի նշանակվում են թիմի մարդիկ, որոնք դեռ չունեն վարչական աշխատանքի փորձ: Երկրորդ սկզբունքը, ըստ քաղաքագետի, պաշտոնների են նշանակվում նախկին ապարատից նեղացած անձինք, որոնք, այսպես ասած, հավատարմության երդում են տալիս նոր կառավարությանը:

««Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ելք» դաշինքը չունեն կադրային ռեսուրս, ուստի մենք տեսնում ենք առկա խնդիրները: Այդ կադրային ռեսուրս չունենալն էլ ստիպում է դիմել պրոֆեսիոնալների, որոնց մեջ էլ, պարզվում է, բազմաթիվ խնդիրներ կան»,- նկատեց Հայկ Բալանյանը:

Հարցին՝ արդարացվա՞ծ է քաղաքացիական ակտիվիստներին նշանակել պաշտոններում՝ այն դեպքում, երբ նրանք կոչված էին նաև նոր իշխանության գործունեությունը խոշորացույցի տակ պահելու, քաղաքագետը պատասխանեց. «Արդարացված-չարդարացվածը պետք է դիտարկել երկրի զարգացման տեսանկյունից. եթե այս կադրային սովի պայմաններում այդ մարդիկ կարողանան լավ գործ անել, ուրեմն արդարացված է: Եվ այնպես չէ, որ Հայաստանում նոր ընդդիմություն չի ստեղծվի: Ես չեմ կարծում, որ Հայաստանի բնականոն և կայուն զարգացումը պետք է կախված լինի, թե քանի գրանտ կգա, որ կուսակցություններից դուրս ինչ-որ խմբեր ստեղծվեն և քննադատեն իշխանությանը. սա արատավոր ճանապարհ է»: Նրա համոզմամբ՝ պետք է կայանա քաղաքական դաշտը, իսկ քաղաքական դաշտը կայանում է կուսակցություններով՝ իշխանության և ընդդիմության մեջ:

Հայկ Բալանյանը ցավալի է համարում, որ կառավարման մեջ պահպանվել է ժառանգականությունը. «Այն սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական համակարգը, որ կար Հայաստանում, տնտեսության մեջ, կառավարման մոտեցման մեջ դեռևս մնում է: Այս իշխանությունը հատկապես տնտեսական կառավարման մեջ դեռևս բեկումնային փոփոխություններ չի մտցրել»:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: