02/02/2025

Եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա Փանիկում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցնի. Էդմոն Մարուքյան

Եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա Փանիկում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցնի. Էդմոն Մարուքյան

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե տեղի ունեցածը սադրանք էր ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, չափից շատ կոշտ չէր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ինչպես տեսաք՝ Փանիկում տեղի էր ունեցել զորավարժություն առանց ծանուցման: Դա խայտառակություն էր: Մենք ունենք ռուսական ռազմաբազա, այո, կա համաձայնություն, որ այն տեղակայվի Հայաստանում, կան փաստաթղթեր, պայմանագրեր, պարտավորություններ, բայց պարտավորությունների մեջ պարտավորություն՝ ցանկացած զորավարժությունից առաջ տեղեկացնել, դրանք անցկացնել խաղաղ բնակչությունից հեռու»,- ասաց Է. Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ զորավարժություններ անցկացնելու համար կան հատուկ վայրեր և հասկանալի չէր, թե ինչու էին ռուսական բազայի զինծառայողները անցնում հենց գյուղով:

«Հետևաբար, վարչապետի գնահատականը հստակ էր: Չարժե մեծ խնդիր դարձնել սա: Դեպք է եղել է, գնահատական է՝ տրվել է, ծառայողական քննություն կլինի, կարծում եմ՝ մարդիկ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա տեղի ունեցածից հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցվի: «Ռուսական կողմը հասկացողությամբ մոտեցավ իրավիճակին, եղավ ներողություն: Այո, զորք կա, զենք կա, բայց դա պետք է օգտագործվի օրենքով սահմանված կարգով, սահմաններում»,- հավելեց նա: 

Իսկ այն հարցին, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հրապարակային արձագանքը եղե՞լ է դիվանագիտական «փակ» զրույց ռուսական կողմի հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ:
 
tert.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: