01/13/2025

Վահեն խոստացել, բայց չի մարել աշնանացան ցորենի սերմացուի 2013թ. պարտքը. խաբված գյուղացիները՝ փաստի առաջ

Վահեն խոստացել, բայց չի մարել աշնանացան ցորենի սերմացուի 2013թ. պարտքը. խաբված գյուղացիները՝ փաստի առաջ

2017թ. մայիսի 20-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայց էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել Սյունիքի մարզպետարանից բռնագանձել 250 մլն դրամ:

Խոսքը 2013, 2014 եւ 2015 թվականներին գյուղացիներին տրված աշնանացան ցորենի սերմացուի պարտքի մասին է :

Հիշեցնենք, որ դեռեւս 2016-ի նոյեմբերին Վահեն մարզի համայքապետարանների ներկայացուցիչներին խոստացել էր, թե արտաբյուջեի հաշվին կմարի 2012 եւ 2013 թվականների պարտքը:

Եվ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հայցվոր կողմը ներկայացրել էր հաշտության համաձայնություն կնքելու միջնորդություն, ինչն էլ բավարարվել էր, որի արդյունքում էլ գործի դատաքննությունը դադարեցվել էր:

Սակայն մարվել է միայն 2012-ի պարտքը, որ կազմել է մոտ 23 մլն դրամ. մարվել է 2016-ի աշնանը՝ իբր Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի միջոցներով, թեեւ այդ հիմնադրամը դեռեւս ստեղծված չէր այդ ժամանակ, բայց դա այլ հարց է եւ այս դեպքում՝ անկարեւոր:

2013-ի պարտքը մնացել է չմարված, չնայած Վահեն խոստացել էր:

Փաստորեն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ կնքված համաձայնությունը կյանքի չի կոչվել, ինչի համար էլ խնդիրը կրկին հայտնվել է իրավապահ մարմինների օրակարգում: Ասել է թե՝ 250 մլն դրամը պետք է հավաքվի եւ վերադարձվի պետական գանձարան:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում ոչ սովորական այդ խնդիրը լուծելու ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ արգելանք կդրվի Սյունիքի մարզպետարանի բանկային հաշիվների վրա, քանի դեռ 250 մլն դրամը չի վերականգնվել:

2013, 2014 եւ 2015 թվականներին աշնանացան ցորենի սերմացու ստացած գյուղացիները եւ ֆերմերները, ըստ էության, այլեւս պարտքի վերադարձումը ձգձգելու, խուսանավելու, չվճարելու այլընտրանք չունեն: Հակառակ պարագայում կբախվեն քրեական գործերի հետ. իսկ խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է:

Թե ինչ ընթացք կունենա գյուղացիների ու ֆերմերների պարտքի հարցը՝ ժամանակը ցույց կտա:

Ինչ վերաբերվում է Վահե Հակոբյանի հերթական ստին՝ չենք զարմանում եւ չենք զայրանում: Գոնե այս դեպքում նա մեղավոր չէ: Մեղավորը նրանք են, ովքեր Վահեին հավատացել կամ լուրջ են  ընդունել:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: