02/02/2025

Արցախում քննարկել են Քաշաթաղում ու Սյունիքում արածող անասունների համարակալման հարցը

Արցախում քննարկել են Քաշաթաղում ու Սյունիքում արածող անասունների համարակալման հարցը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը եւ ոլորտի այլ պատասխանատուներ։

Ողջունելով հյուրերին Արցախում՝ Գ․ Մարտիրոսյանը կարեւորել է սննդի եւ գյուղատնտեսական անվտանգության ոլորտներում Արցախի եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը։ Ի պատասխան պետնախարարի դիտարկման՝ Գ․ Ավետիսյանը հավաստիացրել է, որ պատրաստ են ցանկացած հարցում աջակցել արցախյան գործընկերներին, այդ թվում՝ որպես հեռանկարային միջոց դիտարկելով Արցախից դուրս տեղական կադրերի վերապատրաստման, ինչպես նաեւ Արցախում վերջիններիս կարողությունների բարձրացման նպատակով համապատասխան դասընթացաշարերի կազմակերպումը։

Գ․ Մարտիրոսյանը ողջունել է այս առաջարկը՝ հիմնավորելով, որ արցախյան համապատասխան պետական աշխատակիցների հետեւողական կատարելագործման աղբյուրը ՀՀ-ից է, որի հետ Արցախը կազմում է մեկ միասնական տնտեսական գոտի, ինչն է՛լ ավելի առարկայական է դարձնում համագործացկության անհրաժեշտությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ օրախնդիր հանդիսացող այնպիսի հարցեր եւ դրանց լուծման տարբերակներ, որպիսիք են Քաշաթաղի շրջանի եւ Սյունիքի մարզի տարածքներում արածող խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հրատապ հաշվառումն ու համարակալումը, գայլերի եւ շների կատաղության հիվանդությունների կանխարգելումը, ժամկետանց մթերքների հայտնվելը վերջնական շուկայում, ինչպես նաեւ սպառողների իրազեկվածության եւ սպառողական մշակույթի բարձրացման կարեւորությունը։

Թե՛ երեւանյան, թե՛ ստեփանակերտյան պաշտոնյաների կողմից մտահոգություն ու հանձնառություն է հնչեցվել, որ սննդի անվտանգության իրականացումը մարզերում ու շրջաններում պետք է բավարարի սահմանված ընթացակարգերին ու մակարդակին։

Պետնախարարի խնդրանքով՝ Գ․ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կառուցվածքային նկարագիրը, ինչպես նաեւ սպառողական մշակույթի բարձրացման միջոցով պետա-վարչական վերահսկողական հնարավորություններից օբյեկտիվորեն դուրս մնացող հարցերի լուծման մասին սեփական մտքերը։

                                                                                                                                        haynews.am     

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: