02/02/2025

Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշմանը կողմ քվեարկեցին քաղաքի ավագանու՝ նիստին ներկա բոլոր 10 անդամները: Ավագանու 4 անդամներ նիստին չէին մասնակցում:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է մեկ ամիս առաջ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, իսկ որդին՝ Կարեն Գրիգորյանը հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: