02/02/2025

«Հպարտությամբ ենք կրում զինվորի համազգեստը»․ ինչ փոփոխություններ են ակնկալում նորակոչիկները բանակում

«Հպարտությամբ ենք կրում զինվորի համազգեստը»․ ինչ փոփոխություններ են ակնկալում նորակոչիկները բանակում
Ծառայության մեկնող զորակոչիկների համար ամենամեծ դժվարությունը կարոտն է ընտանիքի ու ընկերների հանդեպ, բայց վստահեցնում են, որ մարտական ոգին բարձր է, տրամադրությունը՝ նույնպես։

«Ամեն դժվարություն էլ տղայի համար է, պատվով կծառայենք ու հետ կգանք, զինվորի համազգեստով էլ մեզ ավելի հպարտ ենք զգում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին  նորակոչիկները։

Նրանց կարծիքով՝ ծառայությունն երիտասարդներին  ավելի  նպատակասլաց, պատասխանատու ու կարգապահ է դարձնում։

«Կուզենայի, որ զինվորների և սպաների միջև  փոխհարաբերություններն ավելի դրական, ավելի լավ լինեին, եթե տվյալ հարցում կարգուկանոն հաստատվի, ապա ծառայությունը զինվորների համար ավելի հեշտ կանցնի և սպաների մոտ էլ խնդիրներ չեն առաջանա»,-նշեց  նորակոչիկներից մեկը։

«Համազգեստ կրելիս՝ զգում ես, որ շատ մեծ պատասխանատվություն է դրվում քո ուսերին, որը  մենք  մեր քաղաքացիական կյանքում գուցե այդքան էլ լավ չէինք պատկերացնում, բայց հիմա  ավելի ես լրջանում, մտածելակերպդ է ինչ-որ չափով փոխվում, այսինքն ավելի հասուն ձևով ենք վերադառնում ծառայությունից»,-հավելեց մեկ ուրիշ նորակոչիկ։

Ի դեպ, այսօր ծառայության մեկնող նորակոչիկների շարքերում կային նաև այնպիսիք, ովքեր եկել էին Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Ես ծնվել  ու մեծացել եմ Արաբական Էմիրություններում, բայց հիմա եկել եմ, որ իմ հայրենիքին պարտքս տամ ու բացի դրանից էլ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենամ Հայաստան գալ-գնալու համար, չնայած ծառայությունից հետո էլ ուզում եմ այստեղ  համալսարան ընդունվեմ ու սովորեմ, մնացածն էլ՝ ապագան ցույց կտա»,-ասաց ԱՄԷ-ից եկած նորակոչիկը։

Զինվորական կենտրոնական հավաքակայանի  մոտ սպասող ծնողներն իրենց հերթին վստահեցրին՝ տարբերություն չկա  իրենց որդին Արցախում, թե Հայաստանում կծառայի, կարևորը՝ խաղաղություն ու անփորձանք ծառայություն լինի բոլոր զինվորներին։

«Իմացա  արդեն, որ տղես վիճակահանությամբ Արցախ ա ընկել, բայց ոչինչ։ Մյուս  որդիս էլ է մի քանի տարի առաջ Արցախում ծառայել ու գոհ եմ, ուրախ եմ, կարելի է անգամ ասել, որ լացս էլ չի գալիս, երևի Նիկոլի դուխից ա, որ սենց դուխով ենք այս անգամ»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

1in.am


 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: