02/02/2025

Անունը դրել ենք պետական բուհեր, բայց եկամուտն ապահովում են ուսանողները․ ի՞նչ խնդիրների է հանգեցնելու դիմորդների թվի նվազումը

Անունը դրել ենք պետական բուհեր, բայց եկամուտն ապահովում են ուսանողները․ ի՞նչ խնդիրների է հանգեցնելու դիմորդների թվի նվազումը
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ հայտնի էր 12 տարի առաջ,  որովհետև անցյալ տարվա և հատկապես այս տարվա դիմորդների թվի զգալի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2006թ-ի առաջին դասարանը բաժանվել է երկու մասի, այսինքն՝ մոտ 60%-ը գնացել էր  ավագ առաջին դասարան, իսկ 40%-ը՝ կրտսեր առաջին դասարան ու դրա համար էլ մենք հիմա ունենք դիմորդների թվի նվազում ու դա  շատ ցայտուն է հատկապես այս տարի։  Սրա արդյունքում բուհերն ունենալու են շատ ծանր ֆինանսական վիճակ, քանզի Հայաստանի բուհերը 80-90%-ով կախված են ուսանողների վարձավճարներից, դա է  բուհերի ամենամեծ եկամտի աղբյուրը, հետևաբար նրանց համար շատ վտանգավոր է  դիմորդների թվի նվազումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով գալիք սեպտեմբերին բուհական համակարգի  առջև ծառացած խնդիրներին։

Նկատենք նաև, որ  Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ այս տարի բավականին ծանր ու դժվար  տարի է լինելու բուհերի համար՝ պայմանավորված դիմորդների  շատ ցածր քանակի հետ։

Այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը  նկատեց նաև, որ  շատ լավ կլիներ, եթե պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեր բուհերին, քանի որ նրա խոսքերով՝ այն ճգնաժամը, որը հիմա ունենք՝ առաջացել է ոչ թե արտագաղթի կամ բուհերի վատ աշխատելու  հետևանքով, այլ տարիներ առաջ 12-ամյա կրթության ներդրման պատճառով։

«Դրա համար շատ լավ կլիներ, եթե պետությունն այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ ու ասեր, որ քանի որ տարիներ առաջ տեղի են ունեցել այդ  փոփոխությունները, որոնց պատճառով հիմա համալսարանները տուժել են, ապա մենք հիմա ձեզ փոխհատուցում կտրամադրենք, բայց նման բան ակնկալելը, իհարկե, սենտիմենտալ կլինի, որովհետև հիմա երկրում այնպիսի ֆինանսական վիճակ է, որ սպասել, թե ներդրումներ կլինեն բուհերում՝ այդքան էլ ռեալ չէ»,-ընդգծեց կրթության փորձագետը։

Շարունակելով միտքը  Սերոբյանն ասաց․ «Էդ բուհերի անունը դրել ենք պետական, բայց պետությունը ընդամենը 10-15% է ֆինանսավորում ու արդյունքում ստացվում է ուսանողների կողմից են  ֆինանսավորվում այդ բուհերը։

Եթե բուհերն էլ փորձեն վարձավճարները բարձրացնել,  ապա դա ավելի վատ հետևանքներ կունենա, քանի որ հիմա բուհերի միջև շատ ուժեղ մրցակցություն կա դիմորդների համար ու, եթե որևէ բուհի ղեկավարություն  ֆինանսական խնդիրները լուծելու համար որոշի գնալ վարձավճարի թանկացման ճանապարհով, ապա դիմորդ կկորցնի ու դա կրկնակի բացասական կլինի  նրանց համար։

Կարծում եմ, որ ներկա դրությամբ՝ բուհերի համար էլ ձեռնտու չէ վարձավճարը  բարձրացնել»։

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: