02/02/2025

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներն արդեն գործում են

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներն արդեն գործում են

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վերջինիս հիման վրա իրականացված գործընթացի արդյունքում դատապատյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակով արդեն իսկ կազմվել է 681 զեկույց, որոնցից 536-ը ուղարկվել է դատարան:

Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկություններից են.

• Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգը.

Փաթեթում ամրագրվել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորում է ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաև՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Դիմումի ներկայացման կարգի մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նախօրոք պարտավոր է ծանուցել դատապարտյալին:

• Քրեակատարողական ծառայություն - Պրոբացիայի ծառայություն - դատարան մոդելի գործարկում.

Առաջարկվող մոդելի արդյունքում դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային և նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա համապարփակ կերպով հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները: Զեկույցների կազմման համար ծառայություններն իրենց տրամադրության տակ կունենան 80 օր:

Փաթեթի անցումային դրույթներին համապատասխան՝ այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց՝
1) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև Փաթեթն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել անկախ հանձնաժողովի կողմից, Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո (Փաթեթն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 23-ին)՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում զեկույցը:

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշված երկու դեպքերում էլ եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:

3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա նրանց վերաբերյալ կազմվում է զեկույց բացառապես այն դեպքում, երբ դատապարտյալը պատիժը կատարող հիմնարկին ներկայացնում է դիմում:


Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: