01/13/2025

Լիդիանը ներկայացված տեսանյութի հիման վրա պահանջում է բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները (տեսանյութ)

Լիդիանը ներկայացված տեսանյութի հիման վրա  պահանջում է բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները (տեսանյութ)

«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների և աջակցողների մեջ կան նաև հանքարդյունաբերական ընկերություններ։

Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։

Այս հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետևում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ և հստակ շահագրգռվածություն ունեցող  ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաև, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը և քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետևողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում կցված տեսանյութը և պահանջում ենք՝ բացահայտել ճշմարտությունը, անհապաղ բացել հանքավայր տանող ճանապարհները, պատժել մեղավորներին և Հայաստանի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի, խոշորագույն  ներդրողի և ամենապատասխանատու ընկերության ճակատագիրը չթողնել ուղղորդված, անօրինական ցուցարարների քմահաճույքին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: