02/02/2025

Ալիկ Սարգսյանը եւս ՀՔԾ է ժամանել

Ալիկ Սարգսյանը եւս ՀՔԾ է ժամանել

ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել՝ շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք կարող է որեւէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Մարտի 1-ի հետ որեւէ կապ չունեմ, բայց որ գործը պետք է բացահայտվի, չեմ կասկածում»:

Պատգամավորն ասել է, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին. «Միշտ ասել եմ եւ ասում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա վաղը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ.Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ.Հովակիմյանն իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ դեռեւս 2008 թվականին իր նախկին աշխատակիցներից մեկը դիմել է իրեն՝ որդուն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդելու խնդրանքով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել կաշառք տալ:

Այդ կապակցությամբ հանդիպել է Ա. Սարգսյանին, ով ընդունել է տվյալ անձին ՃՈ ծառայությունում աշխատանքի ընդունելու համար կաշառքի առաջարկը, տեղում ստացել է կաշառքի գումարը եւ խոստացել կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել, իսկ գումարը չի վերադարձրել:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: