02/02/2025

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. իրանագետ

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. իրանագետ

«Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ազդեցություն չունենալ Հայաստանի վրա»,-HayNews.am-ի հետ զրույցում անրադառնալով հայ-իրանական հարաբերություններին ասաց իրանագետ Վարդան Ոկանյանը:

Վերջինիս խոսքով՝ սանկցիաները, իհարկե, ազդում են բոլոր ոլորտների վրա, բայց խոսքն առավելապես վերաբերում է բանկային համակարգին, քանի որ այն շատ ավելի զգայուն է: 

«Համոզված եմ՝ հայ-իրանական հարաբերություններում որևէ պատժամիջոց չպետք է և չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Այդ հարաբերությունները և´ Իրանի, և´ Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն: Հետևաբար՝ ցանկացած երրորդ կողմ պետք է հասկանա այս հարաբերությունների կարևորությունը և Հայաստանի հետ աշխատելիս նկատի առնի, որ ոչ մի պարագայում Հայաստանը չի կարող և չպետք է մասնակցի Իրանի դեմ որևէ թշնամական գործողության»,-ասաց իրանագետն ու հավելեց, որ հայ-իրանական հարաբերություններում, կարծես թե, նոր զարգացումներ չեն նկատվում՝ չհաշված ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի սպասվելիք հանդիպումը: 

Զրուցակիցս համոզմունք հայտնեց, որ որքան երկու երկրների ղեկավարների հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ: 

«Պատճառն, այն է, որ Իրանում դեռևս լավ չեն պատկերացնում ՀՀ նոր իշխանությունների կուրսը: Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն, ընթացքում էլ պետք է աշխատենք հասկանալ իրար»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով, օրակարգում է պահվում նաև Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը. «Եթե այսօր այդ նպատակով գումարներ հնարավոր չի լինում հայթայթել, դա դեռ չի նշանում, որ վաղը նման միջոցներ չեն գտնվի: Միաժամանակ, ակնկալել, որ Իրանը երեք միլիարդ դոլար կտա Հայաստանին՝ իրագործելու Իրան-հայաստան երկաթգիծը, ռեալ չէ: 

Մենք ինքներս մեզ համար պետք է բարձր ուղենիշներ սահմանենք՝ հասնելու դրանց՝ թեկուզ Սփյուռքի միջոցներով: Շատ կարևոր է նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի այլընտրանքը: Այս ծրագրերը մեզ համար ռազմավարական կարևորություն ունեն»:

Տաթև Առաքելյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: