02/02/2025

«Սա պատմական հնարավորություն է». Թուրքիայում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

«Սա պատմական հնարավորություն է». Թուրքիայում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի խոսքերը` Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստականության մասին, իրարանցում են առաջացրել թուրքական ընդդիմադիր կուսակցության շարքերում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Անկարայի համար պատմական հնարավորություն է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Մուսթաֆա Սարիգյուլը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հայաստանի մեկնած ձեռքը պետք է պատմական հնարավորություն համարել։ Վերջիվերջո մենք Ադրբեջանի համար եղբայրական երկիր ենք», – գրում է թուրք քաղաքական գործիչը` ակնարկելով արցախյան հակամարտության միջնորդ դառնալու հնարավորությանը։
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Թուրքիայի հետ։

Վարչապետն ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, և տարօրինակ է համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով:

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանությունների դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: