02/03/2025

Խաչատուրովի տհաճ անակնկալը

Խաչատուրովի տհաճ անակնկալը

Հայաստանի ԱԳՆ աղբյուրը կոշտ պատասխան էր տվել Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությանը, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու՝ Երևանից հնչած հայտարարությունները ոչ պրոֆեսոնալ են»։

«ՀԱՊԿ կանոնադրության, գործընթացի կանոնների և այլ փաստաթղթերի հանրային քննարկումները համարում ենք ոչ արդյունավետ․դրանք մեզ քաջ հայտնի են, և դրանց հետ խիստ համապատասխանությամբ է Հայաստանը կառուցում իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում», հակադարձել է ՀՀ ԱԳՆ աղբյուրը։

Ի՞նչն էր ռուսական կողմի այս աննախադեպ հրապարակային անդրադարձի պատճառը: Ի վերջո, եթե նույնիսկ եղել է ընթացակարգային ինչ որ խնդիր, այն կարելի էր կարգավորել դիվանագիտական խողովակներով, ինչպես եղել էր միշտ, ինչի մասին էլ ակնարկում է ՀՀ ԱԳՆ աղբյուրը:

Ի վերջո, Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ընդամենը հետ է կանչում իր ներկայացուցչին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ «քվոտայով» գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թ. զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը:

Այս կապակցությամբ տարբեր տեսակետներ կան, սակայն ուշադրության արժանի է նաեւ «հարակից» մի հանգամանք, որը կապ չունի այս «փոխհրաձգության» հետ:

Հայաստանում մեղադրանք է առաջադրվել Խաչատուրովին եւ որպես խափանման միջոց կիրառվել գրավը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Սա անկասկած վարկաբեկիչ հանգամանք է այս մարգինալ ռազմա-քաղաքական բլոկի համար: Առավել եւս նկատի առնելով այն, որ ՀԱՊԿ-ում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, որոնք բացի ռազմական խնդիրների լուծումից, անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել անդամ երկրներում «ներքին անկարգությունների» ժամանակ:

Օրինակ, մեկ տարի առաջ՝ 2017-ի ապրիլին Ղըրղզստանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հավաքի նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ թույլ չեն տալու գունավոր հեղափոխություններ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում, եւ որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերն արդյունավետ են այդ հարցում, սահմանադրական կարգի տապալումը թույլ չտալու համար:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը գունավոր չէր, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեղադրվում է Հայաստանում 10 տարի առաջ սահմանադրական կարգը տապալելու համար, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր: Տհաճ ասոցացում է ՀԱՊԿ-ի համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: